Սթար

Եթե Դուք «ՍթարՔարտատեր» (այսպես են իրենք գրում) եք, ապա Դուք պարբերաբար էլ. նամակներ եք ստանում իրենցից։ Օրինակ այսպիսի բովանդակությամբ.

Dear StarCardholder,From November 18 till December 1, 2010, new promotions entitled HOLIDAY RUSH are being held in Star supermarkets chain.
Also, special New Year Fair is organized for holiday products. Please look through the promo-paper where the assortment under the promotions is listed.
Wishing you enjoyable shopping!
____________________________________________________________________________________

Հարգելի ՍթարՔարտատեր,

2010թ-ի նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցում գործում Է ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ակցիան և հատուկ Ամանորյա տոնավաճառ տոնական ապրանքատեսակնու համար: Առաջարկում ենք ծանոթանալ ակցիայում ընդգրկված ապրանքատեսականուն:
Ցանկանում ենք հաճելի գնումներ:

Best regards

STAR Supermarkets chain
Raffi str. 111, Yerevan, 0064, Armenia
Tel. +374 10 74 24 13; +374 10 74 24 15
Fax: +374 10 74 34 71
URL: www.star.am

Ձեզ ուղղված նամակը սկսվում է անգլերեն՝ անկախ այն բանից՝ Դուք անգլերեն գիտեք, թե ոչ։ Երևի օտար լեզուների իմացությունը պարտադիր է ո՛չ միայն գիտության զարգացման համար, այլ նաև սուպերմարկետներից գնումներ կատարելու համար։

Հասցեն, ինչպես ՀՀ Կառավարության էլ. նամակներում է, միայն անգլերեն է։ Անշուշտ, հասցեն մեզ պետք չէ իմանալ։

Այս խառնալեզու նամակում 1/3-ը հայերեն է։ Մխիթարվենք եղածով։

Դե ինչ, այսքանից հետո մնում է միայն ասել՝ «Best regards» Սթարին։

Կառավարության էլ. նամակները

Եթե դուք երբևէ բաժանորդագրվել եք ՀՀ Կառավարության սայթի նորություններին, ապա ձեր էլ. փոստին ուղարկվող հայերեն նամակի վերջում այս մեջբերումն է.

URL: …
If you received this e-mail by mistake or want to unsubscribe from mailing list, click here.

Staff of Government of the Republic of Armenia,
Government House 1, Republic Square,
Yerevan 0010, Armenia
http://www.gov.am/
Disclaimer — This message may contain information that is not intended for you.
If you are not the addressee or if this message was sent to you by mistake,
you are requested to inform the sender and delete the message.

Դե, բնականաբար, դուք անգլերեն պետք է լավ իմանաք, չէ որ Կառավարությունից է այս նամակը։ Հասցե՞ն։ Դե, մենք՝ հայերս ՀՀ Կառավարության տեղը գիտենք, մեզ հասցեն պետք չէ մտահոգի։

Մնացածն ում հետաքրքրում է, թող հարցնի, կասենք, ինչո՞ւ պիտի մարդկանցից տեղեկատվությունը թաքցնենք։

Armnetawards

Վեբ կայքերի համահայկական մրցանակաբաշխությունԵս ևս գրանցվեցի վեբ կայքերի համահայկական մրցանակաբաշխության սայթում։ Եթե հավանում եք մեր էջը, քվեարկեք այստեղ։

Ինչպես միշտ օտար բառերն ու բառակապակցությունները մեզանից անպակաս են։

Հաջի անե՞լ

Այսօր Հ2 հեռուստաալիքով լրագրողը խոսում էր իսլամադավանների Մեքքա այցելության մասին։ Ըստ լրագրողի այդ այցելության ընթացքում մարդիկ հաջի են «անում»։

Թանկագին լրագրողնե՛ր, հաջի չեն անում, այլ լեզուներից պետք չէ սխալ թարգմանել, հաջի դառնում են։

Մեզ մետ էլ վաղուց կա այդ երևույթը, թերևս իսլամական այդ սովորությունից վերցված, երբ այցելում ենք Տիրոջ քաղաք, Սուրբ քաղաք Երուսաղեմ ու անցնում տերունի տեղերով, հաջի ենք դառնում, բայց չենք «անում»։

Ամեն ինչ չէ, որ պատմություն է

Հայերը պատմություն շատ են սիրում, այնպես որ չեն նեղվում, երբ իրենց ներկան, ներկա խնդիրները որպես պատմություն են տեսնում/ներկայացնում։

Հայերը երբեմն շատ վստահ են լինում իրենց ուժերի վրա ու հանձն են առնում թուրքերի հետ բանավիճել պատմական հարցերի շուրջ՝ մոռանալով թուրքական խորամանկության չափերը։

Օրինակ, երբ թուրքերը Ցեղասպանության հարցը ցանկանու են դիտարկել որպես պատմաբանների հարց, երկու խնդիր են լուծում.

1. Հայոց հարցը՝ Ցեղասպանությունը պատմական են դարձնում, որով այն այլևս արդիական չէ,

2. Կասկածի տակ են առնում Ցեղասպանության փաստը։

Թանկագին մասնագետնե՛ր, թուրքական դիվանագիտությունը կարող է վիճարկելի թեմաների շուրջ տասնյակ տարիներով բանակցել, բավական է խնդիրը ներառել այդ վիճարկելիի սահմաններից ներս, ուստի երբեք չի կարելի թուրքերի հետ քննարկել պատմագիտական հարցերը, որովհետև նրանք խաղում են պատմության հետ։ Որևէ պատմաբան պետք չէ նրանց կոնֆերանսներին ու բանավեճերին մասնակցի, որովհետև դա ընդամենը խայծ է։

Լևոն Արոնյան

Անձնապես չեմ ճանաչում։ Մեծ շախմատիստ է։

Այսօր մտա իր էջը Ֆեյսբուքում… հայերենի ոչ մի հետք։

Եթե մի բան այնտեղ հիշեցնում է, որ նա հայ է, դա իր անուն-ազգանունն է։

Հայատառ դոմենային գոտի

Բաց գրանցման մեկնարկի առաջին իսկ օրը ռուսական ազգային .РФ գոտում գրանցված դոմենների ընդհանուր քանակը գերազանցել է բոլոր սպասումները: Միայն 12 ժամվա ընթացքում գրանցվել է 207 հազար 648 նոր դոմենային անուն:
Հիշեցնենք, որ ICANN միջազգային կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել էր ոչ լատինատառ դոմենների գործարկման մեկնարկի մասին անցյալ տարվա հոկտեմբերին: Առաջին պետությունները, որոնք ստացան հնարավորություն ունենալ այսպես կոչված «ազգային» դոմեններ, դրանք Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրություններն էին: Այսօր արդեն ոչ լատինատառ դոմեններ հասանելի են նաև Հորդանանում, Քաթարում, Թաիլանդում, Շրի Լանկայում, Հոնգ Կոնգում, Պաղեստինում և մի շարք այլ երկրներում: Առաջին մակարդակի .рф կիրիլիկ դոմենը ICANN-ը թողարկել էր ապրիլին: Ինչ վերաբերում է Հայաստանին և այն հարցին, թե արդյոք մեզ անհրաժեշտ է ունենալ .ԱՄ, .ՀՀ կամ, ինչու ոչ, .ՀԱՅ դոմենային գոտի, եկեք համաձայնենք, որ մեզ .am դոմենների սպառում չի սպառնում և այն մեզ դեռևս բավարարում է:
armtech.am

Բնականաբար, եթե ռուսները մտահոգված են ինտերնետը ռուսականացնելու խնդրով (նկատի ունենանք, որ .ru գոտու դոմենները չէին սպառվել), ապա իրենց մոտ նման ակտիվությունը բնական է, իսկ հայկական գոտու մեռելային հանգստությունը պայմանավորված է հայերենի հանդեպ 100 տոկոսանոց անտարբերությամբ։

Դե մենք վաղուց ենք մոռացել, որ մայրենի լեզուն ազգային, մշակութային ինքնագիտակցության գրավականն է։ Մեզ համար հայերենը գրադարաններում փտող գրքերի մեջ է միայն։ Մեր լեզուն մենք ինքներս փորձում ենք պատմություն դարձնել։

Եթե Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները վաղուց արդեն փորձ են կատարել հրաժարվել լատինատառ դոմենային գոտուց, ուրեմն ճիշտ կլինի, որ Հայաստանի Հանրապետությունը լրջագույնս մտածի այս ուղղությամբ։

Սա ազգային ինքնագիտակցության, մշակույթի ու քաղաքականության հարց է։

Իմ օրհնյալ կորուստները

Իմ կորցրած օրեր, որ ձեր մասին երբեք չեմ մտածել, որ ամեն լուսաբացով նվեր եմ ստացել ձեզ Աստծուց, որ ոչինչ չեմ հիշում ձեզանից՝ իմ կորցրած ապրումներից, և որ դուք ձեր կորուստով հասունացրել եք ինձ։

Թող օրհնյալ լինի Նա, Ով ինձ պարգևել է այդ կորուստները, իմ օրհնյալ կորուստները, որ հասցրել են ինձ այսօրվա մայրամուտին։

Իմ կորցրած օրեր, որ ինձ գրկած, օր առ օր մեկդ փոխանցել է մյուսին։ Մոռացել եմ ձեզ, և հիշում եմ միայն, որ Երեկն իր գրկից ինձ փոխանցեց Այսօրվան, և Այսօրն արդեն ցանկանում է ինձ հանձնել Վաղվա գիրկը։

Թող օրհնյալ լինի Նա, Ով պարգևել է ինձ ձեր կորուստը և թող իմ Այսօրը պատմի ձեզ իմ ցավը, որ կորցրել եմ ձեզ։


Գրել եմ 24.06.2005-ին։