Հայատառ դոմենային գոտի

Բաց գրանցման մեկնարկի առաջին իսկ օրը ռուսական ազգային .РФ գոտում գրանցված դոմենների ընդհանուր քանակը գերազանցել է բոլոր սպասումները: Միայն 12 ժամվա ընթացքում գրանցվել է 207 հազար 648 նոր դոմենային անուն:
Հիշեցնենք, որ ICANN միջազգային կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել էր ոչ լատինատառ դոմենների գործարկման մեկնարկի մասին անցյալ տարվա հոկտեմբերին: Առաջին պետությունները, որոնք ստացան հնարավորություն ունենալ այսպես կոչված «ազգային» դոմեններ, դրանք Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրություններն էին: Այսօր արդեն ոչ լատինատառ դոմեններ հասանելի են նաև Հորդանանում, Քաթարում, Թաիլանդում, Շրի Լանկայում, Հոնգ Կոնգում, Պաղեստինում և մի շարք այլ երկրներում: Առաջին մակարդակի .рф կիրիլիկ դոմենը ICANN-ը թողարկել էր ապրիլին: Ինչ վերաբերում է Հայաստանին և այն հարցին, թե արդյոք մեզ անհրաժեշտ է ունենալ .ԱՄ, .ՀՀ կամ, ինչու ոչ, .ՀԱՅ դոմենային գոտի, եկեք համաձայնենք, որ մեզ .am դոմենների սպառում չի սպառնում և այն մեզ դեռևս բավարարում է:
armtech.am

Բնականաբար, եթե ռուսները մտահոգված են ինտերնետը ռուսականացնելու խնդրով (նկատի ունենանք, որ .ru գոտու դոմենները չէին սպառվել), ապա իրենց մոտ նման ակտիվությունը բնական է, իսկ հայկական գոտու մեռելային հանգստությունը պայմանավորված է հայերենի հանդեպ 100 տոկոսանոց անտարբերությամբ։

Դե մենք վաղուց ենք մոռացել, որ մայրենի լեզուն ազգային, մշակութային ինքնագիտակցության գրավականն է։ Մեզ համար հայերենը գրադարաններում փտող գրքերի մեջ է միայն։ Մեր լեզուն մենք ինքներս փորձում ենք պատմություն դարձնել։

Եթե Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները վաղուց արդեն փորձ են կատարել հրաժարվել լատինատառ դոմենային գոտուց, ուրեմն ճիշտ կլինի, որ Հայաստանի Հանրապետությունը լրջագույնս մտածի այս ուղղությամբ։

Սա ազգային ինքնագիտակցության, մշակույթի ու քաղաքականության հարց է։