Իմամը հոգևորական չէ

Հայկական մամուլում հաճախ են իսլամիստական առաջնորդներին «հոգևորական» կամ «եկեղեցական» կոչում։
Հարգելի՛ լրագրողներ, մզկիթները եկեղեցիներ չեն, այլապես եկեղեցին էլ կարելի կլիներ մզկիթ կոչել, իմամը եկեղեցական չի, ո՛չ էլ հոգևորական կամ քահանա։ Մի՛ շփոթեք։

Իմ լուռ աղոթքները

Մենք եկեղեցում տարբեր ժամերի ժամերգություններ ունենք. երեկոյան ժամերգություն, առավոտյան, արևագալի, ճաշու ժամերգություններ և այլն: Բայց այս ամենից անդին իմ լռության ժամերգությունը, հոգևոր թախիծների ժամերգությունները, խոկումներիս եզրափակիչ հևոցների ժամերգությունները, անկողնում կծկված իմ լռությունը …: Իրողություններ, որոնք պտտում են իմ սրտի ճախարակը, որոնք առավել քան որևէ կանոնական ժամերգություն իմ հոգու աղաղակը բարձրացնում են առ Տեր: Այդ լռության պահերի մեջ երբեմն կարողանում եմ լսել սրտիս զարկերը, որոնք ականջներիս մեջ վերածվում են եկեղեցու զանգերի:

Որքա՜ն հաճախ եմ պարտվում այդ լուռ ու անմոռանալի պահերից …

Իմ լուռ աղոթքները, որոնք ինքս էլ չեմ կարող մեկնել, բայց Աստված՝ այո՛:


Գրել եմ 03.09.2003–ին

Չկայացած վերաօծում Ախթալայում

Բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան, որ սեպտեմբերի 19-ին, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու Պատարագի օրը, պետք է վերաօծվեր նաև Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Նույնիսկ որոշ լրատվամիջոցներ նշեցին, որ այդ օրը տեղի է ունենալու նաև «խորովածի փառատոն»։

Հաջորդ օրը ոչ ոք չհարցրեց. «ինչո՞ւ այս ամենը տեղի չունեցավ»։

Ներկրոնական ազգային խնդիրներ

Մեր հասարակությունում կան մարդիկ (ինչպես օր. Հրանուշ Խառատյանը և այլք), որ որոշ ազգային խնդիրներ «կրոնական» համարելով փորձում են եկեղեցուն առնչվող հարցերը մեկուսացնել ազգային գիտակցությունից։ Այդտեսակ մարդիկ այսպես վարվեցին նաև Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հարցում։

Թուրքիան իր քաղաքական ամենաբարձր վերնախավով, ընդհուպ միջազգային ատյաններում բարձրաձայնեց հայերի և Հայ եկեղեցու հանդեպ դրսևորած իր մեծահոգության մասին, իսկ դուք դա կարող եք, բնականաբար, զուտ կրոնական խնդիր համարել։

Կան ներկրոնական խնդիրներ, որոնք ազգային դիմագծին են առնչվում։

Ֆուտբո՞լ, թե՝ թանգարան, կամ՝ կիսալուսինը նայում է արևմուտք

Երբ Հայաստանի նախագահը սկսում էր «ֆուտբոլային» դիվանագիտությունը, շատերը հիացած էին, թե ինչ մեծ քայլ նա կատարեց։ Թուրքիան շատ ակտիվ պատասխանեց այդ քայլին, կարողացավ խնդիրը շեղել այնտեղ, որտեղ իրեն պետք է։ Սահմանի բացումը հայերի շահագրգռությունն էր, իսկ, ահա՛, թուրքերին ո՛չ թե սահմանները բացելն է հետաքրքրում, այլ՝ պահել, ուրիշ ձևակերպմամբ՝ թանգարանները։ Շարունակել կարդալ Ֆուտբո՞լ, թե՝ թանգարան, կամ՝ կիսալուսինը նայում է արևմուտք