Ֆուտբո՞լ, թե՝ թանգարան, կամ՝ կիսալուսինը նայում է արևմուտք

Երբ Հայաստանի նախագահը սկսում էր «ֆուտբոլային» դիվանագիտությունը, շատերը հիացած էին, թե ինչ մեծ քայլ նա կատարեց։ Թուրքիան շատ ակտիվ պատասխանեց այդ քայլին, կարողացավ խնդիրը շեղել այնտեղ, որտեղ իրեն պետք է։ Սահմանի բացումը հայերի շահագրգռությունն էր, իսկ, ահա՛, թուրքերին ո՛չ թե սահմանները բացելն է հետաքրքրում, այլ՝ պահել, ուրիշ ձևակերպմամբ՝ թանգարանները։ Այո՛, Թուրքիան մտածում է պատմության գիրկն ուղարկել բոլոր նրանց, ովքեր խոսում են կամ կարող են շահարկել Թուրքիայի սահմանները։

Այսպես, Բյուսանդական հզոր կայսրության խորհրդանիշերից մեկը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը, վերածվեց թանգարանի։ Այսպիսով Թուրքիան պատմության վերածեց Օրթոդոքսների ներշնչանքի այդ հզոր աղբյուրը։ Ավելին, նա այդ քայլով ցանկանում էր պատմության վերածել հույների ներկայությունը կամ կշիռը Թուրքիայում։ Նրան դա ինչ որ ձևով հաջողվեց։ Այսօր հույները Թուրքիայում կշիռ չեն ներկայացնում։

Ժամանակին կիրառած իր այդ փորձը մեկ տարի առաջ վերստին կիրառվեց, այս անգամ հայերի համար. որպես թանգարան բացվեց Աղթամարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին։ Թանգարանի բացմանը ներկա էին նաև ներկայացուցիչներ Հայաստանից։ Այդ առիթը ընդամենը որոշ քննարկումների նյութ դարձավ, սակայն ոչ ոք չանդրադարձավ, որ իր այդ քայլով Թուրքիան հայերին փաստում է, որ մեր եկեղեցին կամ մենք արդեն ընդամենը պատմություն ենք իրենց երկրում, թանգարան։ Եվ դեռ ինքը բարիք է գործում մեզ՝ ճանաչելով մեր պատմությունը, բայց ոչ երբեք՝ ներկան։

Թուրքիան թանգարաններով խլում է ազգային փոքրամասնությունների ներկան իր երկրից։

Ցավոք այսքանը չընկալվեց հայերի կողմից և դիվանագիտական համապատասխան արձագանք չտրվեց։ Մինչդեռ անհրաժեշտ էր Թուրքիային և ողջ աշխարհին ասել, որ մենք և մեր սրբավայրերը թանգարանային ներկայություն չեն այնտեղ, և պետք չէ մեր ներկան ու սրբությունները թանգարանների վերածել՝ խաբելով ողջ աշխարհին։

Թուրքիայի վերջնական նպատակն է շահել արևմուտքի բարեհաճությունը՝ թանգարաններով ցույց տալով, թե ինչքան է նա հարգում իր թշնամիներին՝ հույներին, հայերին և այլն։

Կիսալուսինը նայում է արևմուտք և շատ արագ յուրացնում է արևմուտքին հաճոյանալու ձևերը։ Արդյունքում Պարույր Սևակի խոսքերը դառնում են իրականություն։ Ցավոք, նրա խոսքերն այլևս միայն պոեզիա չեն, այլ իրականություն՝ միայն մեկ հայ, և այն էլ՝ թանգարանում։

Թողնել պատասխան