Տեր, մի թող, որ քահանայությամբ կեղծեմ ինձ

Քահանայական աստիճանի սրբության վրա չեմ կասկածում, վստահ եմ նաև, որ բոլորս էլ, բոլոր քահանաներս ձեռնադրությամբ փոխվում ենք, բայց կասկածում եմ այդ փոփոխության բուն էությանը:

Բոլորս միաբերան պնդում ենք, որ Սուրբ Հոգու շնորհներն են գործում, բայց երբեմն քահանայական աստիճանի վեհության վառ գիտակցության և սեփական անձի անարժան-արժանիության մեջ արժանի կամ ընտրված լինելու խաբուսիկ ու կեղծ, նաև փաղաքշիչ շինծու հերոսն է գործում, որը մեզ կտրում է մեր պարզ իրականությունից՝ սքողելով ու դարձնելով չունեցած առաքինության կեղծ կրողները:

Հանկարծ մի օր … կեղծիքի վարագույրը պատռվում է… Շարունակել կարդալ Տեր, մի թող, որ քահանայությամբ կեղծեմ ինձ

Այդ արցունքների միջոցով

Տեր, այն արցունքները, որ տալիս ես մեզ՝ Քո առջև հեղելու, թող որ չպակասեն երբեք, որպեսզի մեր հոգու այգիները չանապատանան: Այդ արցունքների միջոցով ես մեզ պաշտպանում թշնամուց, այդ արցունքների միջոցով ես մեզ շոշափել տալիս հավիտենականությունը և հաղորդակից դարձնում կատարյալ սիրուն:

Գրել եմ 10.02.2004–ին։

Իմ լուռ աղոթքները

Մենք եկեղեցում տարբեր ժամերի ժամերգություններ ունենք. երեկոյան ժամերգություն, առավոտյան, արևագալի, ճաշու ժամերգություններ և այլն: Բայց այս ամենից անդին իմ լռության ժամերգությունը, հոգևոր թախիծների ժամերգությունները, խոկումներիս եզրափակիչ հևոցների ժամերգությունները, անկողնում կծկված իմ լռությունը …: Իրողություններ, որոնք պտտում են իմ սրտի ճախարակը, որոնք առավել քան որևէ կանոնական ժամերգություն իմ հոգու աղաղակը բարձրացնում են առ Տեր: Այդ լռության պահերի մեջ երբեմն կարողանում եմ լսել սրտիս զարկերը, որոնք ականջներիս մեջ վերածվում են եկեղեցու զանգերի:

Որքա՜ն հաճախ եմ պարտվում այդ լուռ ու անմոռանալի պահերից …

Իմ լուռ աղոթքները, որոնք ինքս էլ չեմ կարող մեկնել, բայց Աստված՝ այո՛:


Գրել եմ 03.09.2003–ին

Աստուծո անձայն այս խնամքը…

Ամեն երեկո, երբ օրը սկսում է մթնել, տնից հեռու իմ նման թափառականի համար երկինքը մորս պես ինձ իր գիրկն է առնում ու սկսում օրորել, և ես սկսում եմ մոռանալ օրվա քաշքշուքը: Զգում եմ միայն, որ երկնքում ծագող աստղերը մորս կրծքի նման սկսում են տաքացնել շուրթերս: Այդ ջերմ թմրության մեջ հալվում են բոլոր հոգսերս, և ես գոհ Երկնքի անձայն, նաև անշահ խնամքից ծանրությամբ թարթում եմ կոպերս …

Վերջին գոհության աղոթքս կարծես աստղերից եկող զով օդի արտաշնչումն է դառնում:

Աչքերս փակվում են …

Շնորհակալ եմ, Երկի՛նք:


Գրել եմ 28.08.2003–ին

Իմ անունը Աղոթք է

Աղոթքը երբեք չի ծիծաղում, չի կատակում, զվարճալի պատմություններ չի պատմում: Նա միշտ լուռ է կամ աշխատում է լուռ մնալ, անձայն, համբերող, ներող, չվիրավորող, չվնասող, չնեղող, խոնարհ, զեփյուռի նման նուրբ, հուզվող, անկեղծ, մաքուր: Նա չի կարողանում քմծիծաղել, քծնել, բամբասել, փսփսալ, հռհռալ, մտածել կենցաղի մանր խնդիրների մասին: Փողոցում իր աչքերը փակ են, եկեղեցում՝ հառած խորանին, նա սիրում է նայել երկնքին, նույնիսկ երբ տեսանելիորեն նայում է գետնին:
Բոլորս ուզում ենք տեսնել Աստծուն …
Ես ճանաչում եմ մեկին, որ կարող է ձեզ ցույց տալ Նրան:
Նրա անունը Աղոթք է:

Գրել եմ 23.08.2003–ին