Պարզություն

Ճամփորդելը և ուսումս Եվրոպայում մեկ բան ինձ սովորեցրեցին. նմանվել այն փոքրիկ տղային, որ փողոցում, իր ընկերների հետ մանկական խաղեր է խաղում:

Պարզության մեջ է թաքնված կյանքի հարստությունը …

Ծորակից հոսող պարզ ջրի կաթիլի մէջ է Աստված թաքցրել կյանքի իմաստը:

Եվ ի վերջո, պարզությունը՝ պարզ և հասարակ լինելը, ամենից մեծ գանձն է, որ ունենք: Այստեղից ենք սկսում ճանաչել Աստծուն …


Գրել եմ 28.10.2004–ին։

Իմամը հոգևորական չէ

Հայկական մամուլում հաճախ են իսլամիստական առաջնորդներին «հոգևորական» կամ «եկեղեցական» կոչում։
Հարգելի՛ լրագրողներ, մզկիթները եկեղեցիներ չեն, այլապես եկեղեցին էլ կարելի կլիներ մզկիթ կոչել, իմամը եկեղեցական չի, ո՛չ էլ հոգևորական կամ քահանա։ Մի՛ շփոթեք։

Անկախ Հայաստանի օրերը

panarmenian.netPanarmenian.net-ում միշտ նշվում է անկախ Հայաստանի օրը։ Այսօր, օրինակ, անկախ Հայաստանի 6988-րդ օրն է։
Չեմ հասկանում, ինչո՞ւ են հաշվում անկախ Հայաստանի օրերը։
Հաշվում են գերության մեջ գտնվող մարդու օրերը, բանակից վերադարձող զինվորինը, օտարությունից տուն վերադարձողինը, ծննդյանը սպասող երեխայինը…
Հաշվում ենք, որովհետև վախենում ենք կորցնե՞նք, չունենա՞նք։

Ամենօրյա ինքնասպանություն

Պոռթկուն վերերկրային զգացումները կենսական են, սակայն ժամանակի և տարածության մեջ շարժվող էությունը միայն այդ զգացումների հետ չէ, որ բախվում է: Բացահայտումի սարսափազդու քաոսային անսկիզբ ու անսահման մեր աշխարհը անփորձ աղջնակի նման սրտատրոփ ու վախազդու բախումներին չի կարողանում ճիշտ որակում տալ: Խառնիճաղանջ երևույթները գույների ենք վերածում, հետո դառնում են պատկերներ ու բառեր՝ շարունակելով ավելի ընկղմվել մեր իսկ քաոսի մեջ: Բառերը սկսում են մտքերի վերածվել, մտքերը սկսում են որակում ստանալ՝ դրական կամ բացասական, լավ կամ վատ, տաք կամ սառը: Հետո սկսում ենք մեր իսկ զգացումների ու ցանկությունների համաձայն ինքներս բնորոշել ու սահմանել այդ սահմանները: Կյանքը սկսում է երկու երես ունենալ Շարունակել կարդալ Ամենօրյա ինքնասպանություն

Հայաստանի Արտաքին գործերի նախարարություն

Հայաստանի Արտաքին գործերի նախարարության սայթն էի այսօր նայում։

Հայերեն մտածող մարդի՛կ, եթե կարողանաք սայթի հասցեն կռահել, ապա կարելի է ձեզ պարգևատրել։

Ինչևէ, ահա այն՝ mfa.am, «մաֆիա» բառը եթե հիշեք, գուցե հետո կարողանաք տառերի որոշակի տեղափոխությամբ հիշել։

Ձևավորում, կարելի է ասել, սայթը չունի։

Առաջինը բացում է անգլերեն, որովհետև հայերին այն պետք չէ, իսկ եթե փորձեք հայերենի փոխել, ապա կուբիկ–ռուբիկների կհանդիպեք։

Ամենից զավեշտալին. Շարունակել կարդալ Հայաստանի Արտաքին գործերի նախարարություն

Տեր, մի թող, որ քահանայությամբ կեղծեմ ինձ

Քահանայական աստիճանի սրբության վրա չեմ կասկածում, վստահ եմ նաև, որ բոլորս էլ, բոլոր քահանաներս ձեռնադրությամբ փոխվում ենք, բայց կասկածում եմ այդ փոփոխության բուն էությանը:

Բոլորս միաբերան պնդում ենք, որ Սուրբ Հոգու շնորհներն են գործում, բայց երբեմն քահանայական աստիճանի վեհության վառ գիտակցության և սեփական անձի անարժան-արժանիության մեջ արժանի կամ ընտրված լինելու խաբուսիկ ու կեղծ, նաև փաղաքշիչ շինծու հերոսն է գործում, որը մեզ կտրում է մեր պարզ իրականությունից՝ սքողելով ու դարձնելով չունեցած առաքինության կեղծ կրողները:

Հանկարծ մի օր … կեղծիքի վարագույրը պատռվում է… Շարունակել կարդալ Տեր, մի թող, որ քահանայությամբ կեղծեմ ինձ

Հեռուստացույցը

Աշխարհի աղբը տանդ մեջ. ավելի քաղաքակիրթ բառով՝ հեռուստացուց։

Սարսափելի է, երբ ընտանեկան անմիջականությունը կամ լռության իմաստությունը/կատարելությունը խախտվում է հեռուստացույցի անիմաստ ներկայությամբ:

Երբեմն թվում է, թե այդ գործիքի առաքելությունը լռությունը մեզանից օտարելն է։

Այդ արցունքների միջոցով

Տեր, այն արցունքները, որ տալիս ես մեզ՝ Քո առջև հեղելու, թող որ չպակասեն երբեք, որպեսզի մեր հոգու այգիները չանապատանան: Այդ արցունքների միջոցով ես մեզ պաշտպանում թշնամուց, այդ արցունքների միջոցով ես մեզ շոշափել տալիս հավիտենականությունը և հաղորդակից դարձնում կատարյալ սիրուն:

Գրել եմ 10.02.2004–ին։