Թուրքիան պետք է ճանաչի

Զարմանալիորեն հայերին հետաքրքրում է միայն այն, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը, եղեռնը։ Սակայն ներկայումս կան իրավական կենսական խնդիրներ, որոնք ևս լուծում են պահանջում, որոնց մասին, սակայն, թուրքական իշխանություններին ոչ ոք չի հիշեցնում։

Օրինակ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի ընտրությանը թուրքական իշխանությունները վերաբերում են այնպես, ինչպես վաղ սովետմիությունը Էջմիածնի կաթողիկոսական ընտրություններին: Թուրքիայում աշխարասփյուռ հայերին թույլատրում են պատրիարք ունենալ միայն թուրքիայում ծնված հայերից՝ սահմանափակելով հայոց եկեղեցու իրավունքը իր իսկ խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև խախտելով դարավոր եկեղեցու կանոնագիտական սկզբունքները։ Եվ մենք, հատկապես Հայ եկեղեցին լռում է այս և հազարավոր եկեղեցիների ու վանքերի բռնաբարված իրավունքի հարցում:

Մենք գոչում ենք ցեղասպանություն, սակայն դրա տակ իրավական ոչինչ չենք հասկանում, մինչդեռ Ցեղասպանության իրավական պահանջը մե´նք պետք է ձևակերպենք:

Պետք է, որ ողջ հայության համար Ցեղասպանության պահանջին որպես շարունակություն բարձրացվեն այս հարցերը, որ Հայոց պատրիարքի ընտրությունը կախված չլինի թուրքական իշխանությունների քմահաճ կամայականություններից:

Հայկական իշխանություններին. Եթե Թուրքիան իր քիթը խոթում է Արցախի խնդրի մեջ, ուրեմն պետք է լրջագույնս բարձրաձայնել Արևմտյան Հայաստանի խնդիրներն ու պարտադրել նրան, որ զբաղվի այդ խնդիրների լուծմամբ: Պետք է ուժեղացնել տեղեկատվական պատերազմն այդ ուղղությամբ: