Ամբոխը

Վայրի ամբոխը, խուժանը այդպես էլ չփոխվեց։ Ինչպես այն ժամանակ այդ ամբոխը ծիծաղում էր Հիսուսին խաչելուց, այնպես էլ այսօր շարունակում է հաճույք ապրել ուրիշի դժբախտության, նույնիսկ ցավի վրա։

Այդ փոփոխական «հանրությունը», որ մեկ պատվում է ճշմարտությունը, մեկ՝ անարգում՝ կախված իր պատվիրատուի քմահաճությունից։

Մահվան մասին

Մահվան մասին հարազատների անմիջական մտքերի փոխանակումը ջերմացնում է զրուցակիցների սրտերն ու փոխադարձ վերաբերմունքը։

Երբեմն անհրաժեշտություն է այդ թեմային անդրադառնալը, երբեմն էլ՝ անհնար… չանդրադառնալը։

Կյանքը անժամանակ է

Երբեմն այնքան արագ ենք վազում ժամանակի հետևից, որ թվում է, թե ահա կդիպչենք նրա փեշերին։ Այդ շտապողականությունից միայն վազքն ու հևոցն է մնում, իսկ ժամանակը՝ կորչում։ Այդ վազքի մեջ ժամանակի կորստի մասին այնքան ենք մտածում, որ մոռանում ենք կյանքի արժեքը։

Հե՜յ, դո՛ւ, ժամանակի ետևից մի վազիր, այլապես կկորցնես կյանքի արժեքը։

Ճիշտ է, ֆիզիկայում արագությունը կրճատում է ժամանակը, բայց մեր կյանքում պետք է կանգ առնել՝ հասկանալու համար ժամանակի, ապագայի, կյանքի արժեքը։

Կանգ առ, գրողը տանի, հերիք է վազել։ Կյանքը ժամերով մի՛ չափիր, այլ՝ լռությամբ, դադարով, խոկումով, առանց ավելորդ հևոցների ու վազքի…

Կյանքը անժամանակ է, անժամանակն է, ուստի և ժամանակը թողեք ժամավաճառներին։

Մարդն առանց դավանանքի

Դավանանքը բնավորություն է կերտում, ցանկություններն ուղղորդում, իսկ մարդն առանց դավանանքի, անսկզբունք մարդը, ով ապրում է միայն կենցաղի մանր հարցերով, նման է անգլուխ ձիավորի

Այս աշխարհը շատ հարուստ է և յուրաքանչյուրը գտնում է այն, ինչ ցանկանում է. մեկը հավատ է փնտրում ու գտնում, մյուսն՝ անհավատություն, իսկ նա, ով չի փնտրում ու բավարարվում է եղածով, դառնում է կենցաղի մանր խնդիրների գերին։

Նա, ով անհավատություն է գտել, ուրեմն դեռ փնտրում է։

Իմ օրհնյալ կորուստները

Իմ կորցրած օրեր, որ ձեր մասին երբեք չեմ մտածել, որ ամեն լուսաբացով նվեր եմ ստացել ձեզ Աստծուց, որ ոչինչ չեմ հիշում ձեզանից՝ իմ կորցրած ապրումներից, և որ դուք ձեր կորուստով հասունացրել եք ինձ։

Թող օրհնյալ լինի Նա, Ով ինձ պարգևել է այդ կորուստները, իմ օրհնյալ կորուստները, որ հասցրել են ինձ այսօրվա մայրամուտին։

Իմ կորցրած օրեր, որ ինձ գրկած, օր առ օր մեկդ փոխանցել է մյուսին։ Մոռացել եմ ձեզ, և հիշում եմ միայն, որ Երեկն իր գրկից ինձ փոխանցեց Այսօրվան, և Այսօրն արդեն ցանկանում է ինձ հանձնել Վաղվա գիրկը։

Թող օրհնյալ լինի Նա, Ով պարգևել է ինձ ձեր կորուստը և թող իմ Այսօրը պատմի ձեզ իմ ցավը, որ կորցրել եմ ձեզ։


Գրել եմ 24.06.2005-ին։

Պարզություն

Ճամփորդելը և ուսումս Եվրոպայում մեկ բան ինձ սովորեցրեցին. նմանվել այն փոքրիկ տղային, որ փողոցում, իր ընկերների հետ մանկական խաղեր է խաղում:

Պարզության մեջ է թաքնված կյանքի հարստությունը …

Ծորակից հոսող պարզ ջրի կաթիլի մէջ է Աստված թաքցրել կյանքի իմաստը:

Եվ ի վերջո, պարզությունը՝ պարզ և հասարակ լինելը, ամենից մեծ գանձն է, որ ունենք: Այստեղից ենք սկսում ճանաչել Աստծուն …


Գրել եմ 28.10.2004–ին։

Ամենօրյա ինքնասպանություն

Պոռթկուն վերերկրային զգացումները կենսական են, սակայն ժամանակի և տարածության մեջ շարժվող էությունը միայն այդ զգացումների հետ չէ, որ բախվում է: Բացահայտումի սարսափազդու քաոսային անսկիզբ ու անսահման մեր աշխարհը անփորձ աղջնակի նման սրտատրոփ ու վախազդու բախումներին չի կարողանում ճիշտ որակում տալ: Խառնիճաղանջ երևույթները գույների ենք վերածում, հետո դառնում են պատկերներ ու բառեր՝ շարունակելով ավելի ընկղմվել մեր իսկ քաոսի մեջ: Բառերը սկսում են մտքերի վերածվել, մտքերը սկսում են որակում ստանալ՝ դրական կամ բացասական, լավ կամ վատ, տաք կամ սառը: Հետո սկսում ենք մեր իսկ զգացումների ու ցանկությունների համաձայն ինքներս բնորոշել ու սահմանել այդ սահմանները: Կյանքը սկսում է երկու երես ունենալ Շարունակել կարդալ Ամենօրյա ինքնասպանություն