Կատարյալ սեր և հավիտենական կյանք

Ի՞նչ է փնտրում մարդը. կատարյալ սեր և հավիտենական կյանք, այսինքն՝ մարդը փնտրում է Աստծուն:

Գրել եմ 09.01.2004–ին։

Աստծո անունով

Քրիստոնեությունը հաճախ ուսուցանվում է որպես բարություն և առաքինություն, ընտանեկան կարգավորված կյանքի միակ աղբյուր և այլն:

Առաքինության ու բարության և ընտանեկան կարգավորված կյանքի օրինակներ կարելի է տեսնել նաև քրիստոնեությունից դուրս, նույնիսկ անաստվածության մեջ, ուստի և լավ քննելով տեսնում ենք, որ քրիստոնեությունն ամենից առաջ հավատք է և Աստուծո ներկայության բացահայտում մեր կյանքում, որից և բխում են բոլոր առաքինությունները:
Անաստվածն էլ կարող է առաքինություններով օժտված լինել (Աստծուց շնորհված, որովհետև ի վերջո բոլոր առաքինություններն Աստծուց են), բայց գործելու հոգին է տարբեր, տրվածը կյանքի կոչելու ձևերն են տարբեր:

Բացարձակապես միմյանցից տարբերվում են այն գործերը, որոնք Աստծո անունով են կատարվում, և այն առաքինի գործերը, որոնք առանց Աստծու են կատարվում:
Պետք է աչք ունենալ այս ամենը տեսնելու, և հոգի՝ ընկալելու:


Գրել եմ 12.10.2003–ին։

Մենակություն

Մենակությունը դատապարտություն է:

Աստված երբեք մենակ չէ, և Աստված երբեք բացակա չէ: Աստուծո ներկայության բացահայտումը մեր կյանքում դատապարտում է մենակությանը:

Գրել եմ 24.09.2003–ին։

Ադամ քահանա Մակարյան

Հրաշալի անձ, համեստ ու առաքինի։ Լուռ, սակավախոս։ Իր համար լռությունը միշտ ոսկի է։ Աննկատ, բայց ժիր–աշխատասեր։ Մարդ՝ ըստ էության։

Ճոպանուղին վանքի վերածնո՞ւնդ

Աշխարհի ամենից երկար ճոպանուղին աշխարհի համար կարող է վերածնունդ համարվել, բայց ոչ հոգևոր արժեքների համար։

Տաթևի վերածնունդը դարերի ընթացքում Տաթևի վանքի ստեղծած արժեքները հային ու աշխարհին ներկայացնելն է։

Իմ լուռ աղոթքները

Մենք եկեղեցում տարբեր ժամերի ժամերգություններ ունենք. երեկոյան ժամերգություն, առավոտյան, արևագալի, ճաշու ժամերգություններ և այլն: Բայց այս ամենից անդին իմ լռության ժամերգությունը, հոգևոր թախիծների ժամերգությունները, խոկումներիս եզրափակիչ հևոցների ժամերգությունները, անկողնում կծկված իմ լռությունը …: Իրողություններ, որոնք պտտում են իմ սրտի ճախարակը, որոնք առավել քան որևէ կանոնական ժամերգություն իմ հոգու աղաղակը բարձրացնում են առ Տեր: Այդ լռության պահերի մեջ երբեմն կարողանում եմ լսել սրտիս զարկերը, որոնք ականջներիս մեջ վերածվում են եկեղեցու զանգերի:

Որքա՜ն հաճախ եմ պարտվում այդ լուռ ու անմոռանալի պահերից …

Իմ լուռ աղոթքները, որոնք ինքս էլ չեմ կարող մեկնել, բայց Աստված՝ այո՛:


Գրել եմ 03.09.2003–ին