Կոմպրոմատ

Կոմպրոմատի կիրառությունը հատուկ է քաղաքական իշխանություններին, և այն բանեցնող/օգտագործող մարդիկ «հանուն նպատակի» ունեցած միջոցների մեջ խտրականություն չդնելով կիրառում են այն։

Կոմպրոմատը զենք է. կատարելագործված փամփուշտ, սանձ, որով կարելի է նաև մարդ սպանել։ Մարդկությունը զարգացում է ապրել, ակնհայտ է, այո, սառը զենքից անցել ենք հրազենին, հիմա էլ սանձել չկարողանալու դեպքում կիրառում են այդ անձայն ու ֆիզիկապես արտաքինից չվնասող միջոցները։

Այն հարուստների ու քաղաքական գործիչների զենքն է, իսկ հասարակ մարդիկ, քանի որ կոմպրոմատների չեն տիրապետում, կիրառում են սպասեցնելու, ձգձգելու և այլ ճղճիմ մեթոդներ։

Կոմպրոմատներով առաջնորդվող կամ կոմպրոմատներով հարցեր լուծող մարդիկ վտանգավոր են, նենգ, դարանակալ գիշատիչ, թիկունքից հարվածող, շահասեր ու եսակենտրոն։

Այդպիսիներին հիշաչար կամ լավ հիշողություն ունեցող կոչելը կարող է հաճոյախոսություն համարվել։

Այո, երբեմն վատ հիշողություն ունենալը կարող է դրական համարվել։

ՀՀ Ոստիկանություն 2010 (դեկտ.)

Ի՞նչ է կատարվում։

Մարդիկ պատրաստվում են Նոր տարվան։ Հատկապես ոստիկանության մեքենաներով շրջող աշխատակիցները։

Փողոցում այնպիսի տպավորություն է, որ յուրաքանչյուր 10-րդ մեքենան ոստիկանության մեքենա է։ Մեկ էլ տեսնում ես, թե ինչպես են հետախուզում քեզ։

Ճիշտ է, անկապ չեն կանգնեցնում, քաղաքավարի են խոսում հետդ, բայց հասկանում ես, որ իրենց նպատակը ոչ թե երթևեկության կարգ ու կանոնն է, այլ «կեղտ բռնելը»։

Ձևերը փոխվել են, ցավոք նպատակը նույնն է մնացել։

Նման հոգեբանությամբ ոստիկաններով մեր ճանապարհների երթևեկությունը չի փոխվի։

Պետականությո՞ւն, թե՝ պետություն

Այն ժամանակ, երբ շատերն անգամ հոգու խորքում չէին կարող փայփայել անկախ պետականություն ունենալու հույսը, նա բաց քարոզում էր այդ վեհ նպատակը: Նա ընդդիմացավ մի համակարգի, որը համարվում էր ահազդու և անխաթար: Աշոտ Նավասարդյանն ուներ երազանք և ուներ նպատակ. նպատակ, որն այսօր իրականություն է` Հայաստանի անկախ պետականության վերականգնումը:
(Աղբյուր` http://www.panorama.am/am/politics/2010/12/18/serzh-sargsyan-hhk-address4/)

«Պետականություն»–ը գաղափար է, այն մեր հոգում է, մեր սրտերում, մեր մտքում։ Այն գաղափար է, որը իրականություն է դառնում պետության կայացմամբ կամ անկախությամբ, հետևաբար գաղափարը (պետականությունը) ունենալու հույս չենք փայփայում, Հայաստանի անկախության գաղափարի (պետականության) վերականգնումը նպատակ չի եղել։ Նպատակը պետության անկախությունն ու վերականգնումն էր։

Պետության մասին հասկացողությունը դեռևս պետություն չէ։ Պետականությունը գաղափար է, պետությունը՝ այն մարմնավորողը։

Այս շփոթը շատ հաճախ է հանդիպում, սակայն պետք է ուշադիր լինել, որովհետև լեզվական մի փոքրիկ մասնիկը կարող է մարդկանց մեծ նպատակները փոփոխել։

a1+

Եթերից զրկեցին ներկայումս օրական 10.000-ից ավել լսարանի համար եթեր հեռարձակող ընկերությանը։ Սա նշանակում է, որ a1+ի լսարանը մեծանալու է։

Կեղծիքի համար կարելի էր տույժեր կիրառել, բայց…

Մամուլը հնարավոր չէ լռեցնել, մամուլի հետ պետք է աշխատել։

Մարդու բերանը չի կարելի փակել, որովհետև նա կսկսի ավելի շատ խոսել։

Մահվան մասին

Մահվան մասին հարազատների անմիջական մտքերի փոխանակումը ջերմացնում է զրուցակիցների սրտերն ու փոխադարձ վերաբերմունքը։

Երբեմն անհրաժեշտություն է այդ թեմային անդրադառնալը, երբեմն էլ՝ անհնար… չանդրադառնալը։

Խոսքի և տեղեկատվության ազատությունը աշխարհում

Շվեյցարական PostFinance փոստի դուստր ձեռնարկությունը փակել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի հաշիվը:
Նշենք, որ ավելի վաղ WikiLeaks-ի սպասարկումը դադարեցրել էին Amazon.com, Paypal, and EveryDNS վճարային համակարգերը: PayPal-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ նման քայլի են գնացել, երբ ԱՄՆ իշխանությունները կայքի գործունեությունը համարել են անօրինական:

(http://news.am/arm/news/40679.html)

Աշխարհը դեռ շատ հեռու է՝ հասկանալու համար խոսքի և տեղեկատվության ազատության արժեքը։

… Ու դեռ շատ կշարունակվի ոտնահարվել Աստուծո կողմից մարդու մեջ դրված բնական իր իրավունքը։

Մարդուն ազատ արտահայտվելուց, տեղեկանալուց, այսինքն՝ խաբնված չլինելուց, ու խոսքից զրկելը դեմ է Աստուծո կամքին, որ բնականից արտահայտված է մարդու բնության մեջ ու կոչվում է բնական աստվածային իրավունք։

Հանուն Անիի 1650 ամյակի

«Աղջիկներին պետք է կոչ անենք, որոր շատ երեխաների անուններ Անի դնեն»,-դեկտեմբերի 6-ին  նախարարին կից ատյանի նիստում նման ցանկությամբ է հանդես եկել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Առաջարկը կապված է Հայաստանի մայրաքաքաղաք Անիի 1650 ամյակի հետ: (http://news.am/arm/news/40648.html)

Սփյուռքի նախարարությունն իր ակտիվ գործունեությամբ զարմացնում է բոլորին։

Հասկանալի է, եթե «բյուջեում փող չկա», այսպես էլ կարելի է աշխատել։

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Երևան քաղաքի 61 և 62 անալոգային կայանների թվայնացման մեկնարկի մասին: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2010թ. ավարտը, ինչը հնարավորություն կտա Երևանի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների 98 տոկոսին ապահովել թվային կապով: (http://www.panorama.am/am/economy/2010/12/06/armentel/)

Գրողը տանի, կարելի էր մի 5 տարի էլ սպասել։

Չնայած եթե ՄԱԿ-ի 1997 թ. զարգացող երկրների համար ստեղծված freenet ծրագիրը այսօր Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մրցանակ է ստանում (armnetawards.am), ապա Բիլայնը կարող է թվայնացումը ավարտել 10 տարի հետո, որից 20 տարի հետո կարող ենք Բիլայնին շնորհակալական մրցանակ տալ։

Կանանց իրավունքների ոտնահարո՞ւմ

Երբևէ ձեզ հարցրել եք՝ ինչո՞ւ կանայք շախմատ չեն խաղում տղամարդկանց հետ։

Հասկանալի է սպորտում առկա ֆիզիկական ուժի և այլ տարբերությունների մասով, իսկ ինտելեկտի՞, տրամաբանությա՞ն, շախմատի՞… ։ Եթե կինը կարող է տղամարդուն վերապահված շատ գործեր կատարել, ընդհուպ՝ երկրի նախագահ լինել, ինչո՞ւ չի կարող շախմատ խաղալ տղամարդու հետ։

Ինչո՞ւ իրենց իրավունքների ոտնահարման մասին խոսելիս կանայք չեն խոսում շախմատային օլիմպիադաներում իրենց իրավունքների ոտնահարման մասին, երբ իրենց հնարավորություն տրված չէ տղամարդկանց հետ մրցել շախմատում։ Մի՞թե իրենք իրենց այս հարցը չեն տալիս ֆեմինիստներն ու Հայաստանում գրանտներով աշխատող ֆեմինիստական կամ կնոջ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները։ Նույնիսկ կարելի է ՄԻՊ-ին (մարդու իրավունքների պաշտպան) դիմել։

Բայց չի արվում… ինչո՞ւ։

Չգիտեմ, գուցե պետք է կի՞ն լինել, հասկանալու համար, թե ինչո՞ւ այս հարցում նրանք իրենց իրավունքները չեն ցանկանում պաշտպանել։