Մեր հասարակության ոչ քաղաքական տարրերը

Կան մարդիկ, ովքեր համառորեն պնդում են, որ իրենք քաղաքականությունը չեն սիրում և դրանով չեն զբաղվում։ Հարց է ծագում. ի՞նչ է քաղաքականությունը, որով նրանք չեն զբաղվում և որը չեն սիրում։

Գիտենք, որ քաղաքականությունը զբաղվում է այն ամենով, ինչը իրենից արժեք է ներկայացնում։ Օրինակ՝ նույնիսկ բնությունը, ծառը կարող է դառնալ քաղաքական շահարկման նյութ։ Այո՛, երբ ծառը վերաճում է էկոլոգիայի, բնապահպանության, խնդիրը սկսում է արժևորվել ու դառնալ քաղաքականություն։ Ամեն հարց, որը արժեք է ներկայացնում ու դառնում է հասարակական խնդիր, քաղաքական է։ Նույնիսկ կրոնը, երբ այն պետությունից անջատ է հայտարարվում, սակայն լինում են եկեղեցաշինական (ասենք՝ Բաց դահլիճի տեղում եկեղեցու կառուցումը) և այլ կրոնական հարցեր (ասենք՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Պատարագ մատուցելը), որոնք դառնում են քաղաքական։ Արդ, իսկ ի՞նչը արժեք չունի, որ քաղաքական չդառնա։ Պատասխան՝ աղբը։ Սակայն երբեմն աղբի խնդիրն էլ կարող է քաղաքական խնդրի վերածվել։

Այսու, բոլոր նրանք, ովքեր իրենց ոչ քաղաքական տարր են համարում, մեղմ ասած՝ ինքնախաբեության մեջ են։

Թուրքերը վախենում են խաչից

«Նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերյալ կատարված հավաստիացումների դրժումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ ընդառաջ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության խնդրանքին, սրբազան Պատարագին մասնակցություն պիտի բերեր երկու ներկայացուցիչներով, առկախում է նրանց մասնակցությունը սեպտեմբեր 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող սրբազան Պատարագի արարողությանը»։

Թուրքիան երբեք անկեղծ չի եղել։ Դժվար էլ լինի։ Զանգ կախելն էլ արգելեին, որ աշխարհը հասկանար, թե ինչ միջնադարի հետ գործ ունեն։

Թուրքերը վախենում են խաչից։

Բարև՛

Մարդիկ կան, որ նայում են դեմքիդ ու չեն բարևում՝ այդպես առաջին իսկ պահից արտահայտելով իրենց վերաբերմունքը քո հանդեպ։ Դու իրեն կարող է շատ հազվադեպ հանդիպես, բայց ինքն այդ մի պահը կօգտագործի, որ արտահայտի իր դիրքորոշումը քո հանդեպ՝ «դու ո՞վ ես, որ մի հատ էլ քեզ բարևեմ, դու արժանի չես դրան»։

Ո՜վ մարդ, ախր դու չգիտե՞ս, որ դու չես քո բարևի տերը, ո՞ր իրավունքով այն չես տալիս անցորդին։

Հիսուս Մատթեոս Առաքյալի միջոցով ասում է.

Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում (Ավ. ըստ Մատթեոսի, 5. 47)։

Արդյո՞ք «բարև»–ն արժեք ունի։ Հիսուս ասում է.

Եթէ տունն արժանի է, ձեր ողջոյնը նրա վրայ թող իջնի. իսկ եթէ արժանի չէ, ձեր ողջոյնը ձեզ թող վերադառնայ (Ավ. ըստ Մատթեոսի, 10. 13)։

Ո՜վ մարդ, լսե՞լ ես, որ ասում են՝ բարևն Աստծունն է։ Խնդրում եմ, բարևին տրամադրություններ մի՛ խառնեք, որովհետև այն բարի է ու արևով լի։

Պետք է ճանաչել Արցախը

Ինչպե՞ս կարող է աշխարհը ճանաչել Արցախը, եթե մենք այն չենք ճանաչել։

Ինչպե՞ս կարող ենք մյուս պետություններին դիմել, որ ճանաչեն Արցախը, եթե մենք չենք ճանաչում այն։

Առաջին իսկ առիթը պետք է օգտագործվի անցյալի այդ բացը լրացնելու համար։

Դրանից ավելին չարից է

Նրանք, ովքեր ցանկանում են, որ ուսուցիչը երդվի, երևի թե մոռացել են Տիրոջ խոսքերը, որ Մատթեոս Ավետարանչի միջոցով ասում է.

Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենեւի՛ն չերդուել. ո՛չ երկնքի վրայ, որովհետեւ Աստծու աթոռն է, ո՛չ երկրի վրայ, որովհետեւ նրա ոտքերին պատուանդան է, եւ ո՛չ Երուսաղէմի վրայ, որովհետեւ մեծ Արքայի քաղաքն է։ Եւ քո գլխով էլ չերդուես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սեւ դարձնել։ Այլ ձեր խօսքը Շարունակել կարդալ Դրանից ավելին չարից է

Պանորամա

Հաճախ եմ լուրերին ինտերնետով հետևում և մի քանի սայթերը ինձ լիովին բավարարում են տեղեկացված լինելու համար։ Դրանցից մեկը այս պահին Panorama.am սայթն է։

Թեև շատ ակտիվ է Պանորաման, որը լավ է, սակայն վերջին շրջանում մի տեսակ վերածվել է հակաադրբեջանական սայթի։ Կարծես թե այլևս ոչինչ չկա անելու և պետք է միայն նրանց դեմ գրել։ Կարծում եմ հայ ընթերցողը այդքան էլ տարված չէ նրանց բացասական կողմերը բացահայտելու փափագով։ Մեզ մեր իրականությունն է հետաքրքրում և նրանց բարքերի մասին այդքան շատ պետք չէ մեզ ասել։ Երբեմն ընթերցողը հոգնում է ադրբեջանցիների մասին անընդհատ բացասական լրատվություն կարդալուց։

Ի վերջո, այս միտքս ցանկանում էի Պանորամայի աշխատակիցներին փոխանցել, սակայն պարզվեց, որ էլեկտրոնային այս աղբյուրին էլեկտրոնային տարբերակով գրելու հնարավորություն չկա։ Համենայն դեպս իրենք սայթում չեն նշել։