Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ եք ապրում

Տեղական ասեկոսեներ, հավանաբար՝ իրական.

Օրերս Այնթապի գյուղամիջի դպրոցից երկու երեխա է կորել։ Հետո առևանգողները վերադարձրել են երեխաներին՝ գրպաններում լիքը փող։ Չէ, ուրախալի ոչինչ չկա, որովհետև նրանք եղել են անկենդան ու երիկամները հանած։

Սարսափելի է։

Լրատվամիջոցներով, ինչպես միշտ, որևէ արձագանք չկա, ոչ էլ՝ հերքում։

Համապատասխան ժամերին դպրոցների տարածքները պետք է միշտ ոստիկանությունը հսկի։

ՀՀ Ոստիկանություն 2010 (դեկտ.)

Ի՞նչ է կատարվում։

Մարդիկ պատրաստվում են Նոր տարվան։ Հատկապես ոստիկանության մեքենաներով շրջող աշխատակիցները։

Փողոցում այնպիսի տպավորություն է, որ յուրաքանչյուր 10-րդ մեքենան ոստիկանության մեքենա է։ Մեկ էլ տեսնում ես, թե ինչպես են հետախուզում քեզ։

Ճիշտ է, անկապ չեն կանգնեցնում, քաղաքավարի են խոսում հետդ, բայց հասկանում ես, որ իրենց նպատակը ոչ թե երթևեկության կարգ ու կանոնն է, այլ «կեղտ բռնելը»։

Ձևերը փոխվել են, ցավոք նպատակը նույնն է մնացել։

Նման հոգեբանությամբ ոստիկաններով մեր ճանապարհների երթևեկությունը չի փոխվի։

a1+

Եթերից զրկեցին ներկայումս օրական 10.000-ից ավել լսարանի համար եթեր հեռարձակող ընկերությանը։ Սա նշանակում է, որ a1+ի լսարանը մեծանալու է։

Կեղծիքի համար կարելի էր տույժեր կիրառել, բայց…

Մամուլը հնարավոր չէ լռեցնել, մամուլի հետ պետք է աշխատել։

Մարդու բերանը չի կարելի փակել, որովհետև նա կսկսի ավելի շատ խոսել։

Խոսքի և տեղեկատվության ազատությունը աշխարհում

Շվեյցարական PostFinance փոստի դուստր ձեռնարկությունը փակել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի հաշիվը:
Նշենք, որ ավելի վաղ WikiLeaks-ի սպասարկումը դադարեցրել էին Amazon.com, Paypal, and EveryDNS վճարային համակարգերը: PayPal-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ նման քայլի են գնացել, երբ ԱՄՆ իշխանությունները կայքի գործունեությունը համարել են անօրինական:

(http://news.am/arm/news/40679.html)

Աշխարհը դեռ շատ հեռու է՝ հասկանալու համար խոսքի և տեղեկատվության ազատության արժեքը։

… Ու դեռ շատ կշարունակվի ոտնահարվել Աստուծո կողմից մարդու մեջ դրված բնական իր իրավունքը։

Մարդուն ազատ արտահայտվելուց, տեղեկանալուց, այսինքն՝ խաբնված չլինելուց, ու խոսքից զրկելը դեմ է Աստուծո կամքին, որ բնականից արտահայտված է մարդու բնության մեջ ու կոչվում է բնական աստվածային իրավունք։

Հանուն Անիի 1650 ամյակի

«Աղջիկներին պետք է կոչ անենք, որոր շատ երեխաների անուններ Անի դնեն»,-դեկտեմբերի 6-ին  նախարարին կից ատյանի նիստում նման ցանկությամբ է հանդես եկել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Առաջարկը կապված է Հայաստանի մայրաքաքաղաք Անիի 1650 ամյակի հետ: (http://news.am/arm/news/40648.html)

Սփյուռքի նախարարությունն իր ակտիվ գործունեությամբ զարմացնում է բոլորին։

Հասկանալի է, եթե «բյուջեում փող չկա», այսպես էլ կարելի է աշխատել։

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Երևան քաղաքի 61 և 62 անալոգային կայանների թվայնացման մեկնարկի մասին: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2010թ. ավարտը, ինչը հնարավորություն կտա Երևանի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների 98 տոկոսին ապահովել թվային կապով: (http://www.panorama.am/am/economy/2010/12/06/armentel/)

Գրողը տանի, կարելի էր մի 5 տարի էլ սպասել։

Չնայած եթե ՄԱԿ-ի 1997 թ. զարգացող երկրների համար ստեղծված freenet ծրագիրը այսօր Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մրցանակ է ստանում (armnetawards.am), ապա Բիլայնը կարող է թվայնացումը ավարտել 10 տարի հետո, որից 20 տարի հետո կարող ենք Բիլայնին շնորհակալական մրցանակ տալ։

Կանանց իրավունքների ոտնահարո՞ւմ

Երբևէ ձեզ հարցրել եք՝ ինչո՞ւ կանայք շախմատ չեն խաղում տղամարդկանց հետ։

Հասկանալի է սպորտում առկա ֆիզիկական ուժի և այլ տարբերությունների մասով, իսկ ինտելեկտի՞, տրամաբանությա՞ն, շախմատի՞… ։ Եթե կինը կարող է տղամարդուն վերապահված շատ գործեր կատարել, ընդհուպ՝ երկրի նախագահ լինել, ինչո՞ւ չի կարող շախմատ խաղալ տղամարդու հետ։

Ինչո՞ւ իրենց իրավունքների ոտնահարման մասին խոսելիս կանայք չեն խոսում շախմատային օլիմպիադաներում իրենց իրավունքների ոտնահարման մասին, երբ իրենց հնարավորություն տրված չէ տղամարդկանց հետ մրցել շախմատում։ Մի՞թե իրենք իրենց այս հարցը չեն տալիս ֆեմինիստներն ու Հայաստանում գրանտներով աշխատող ֆեմինիստական կամ կնոջ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները։ Նույնիսկ կարելի է ՄԻՊ-ին (մարդու իրավունքների պաշտպան) դիմել։

Բայց չի արվում… ինչո՞ւ։

Չգիտեմ, գուցե պետք է կի՞ն լինել, հասկանալու համար, թե ինչո՞ւ այս հարցում նրանք իրենց իրավունքները չեն ցանկանում պաշտպանել։

ԱՊՊԱ հաշվարկ

Հիմա շատ սայթեր կան, որ ավտոապահովագրության հաշվարկ են կատարում։

Մենք էլ հաշվենք.

Եթե Հայաստանում 400.000 ավտոմեքենա կա, ապա ԱՊՊԱ միջին նվազագույնը 30.000 դրամ հաշվելով, որը այդպես չէ, որովհետև շատերը 50-ից 100.000 են մուծելու, ստացվում է տարեկան հավաքագրվում է 12.000.000.000 դրամ։ Եթե տարեկան առավելագույնը մոտ 1.000 ավտովթար է տեղի ունենում, և ապահովագրական ընկերությունները յուրաքանչյուր ավտովթարի համար վճարեն 9.000.000 դրամ, որը երբեք այդքան չի լինի, այսինքն՝ տարեկան 9.000.000.000 դրամ, ապա մնացյալ 3.000.000.000 դրամը, որ 8.333.333 դոլար է, ո՞ւր է գնալու։ Լավ, ենթադրենք 333.333 էլ ապահովագրական ընկերությունների ընթացիկ ծախս, 8.000.000 դոլարը ո՞ւր է գնալու։

Ամեն տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար 15.000.000 դոլար հավաքելով ուրախանում ենք, հիմա ժողովրդի կաշվից քերած 8.000.000 դոլարը ովքե՞ր են մարսելու։

Մի՞թե բարոյական է նման հաշվարկ պարտադրել սեփական ժողովրդին։