Լքված թագուհին

Սանահին վանքըՍա նրանից հին է. խոսքը Սա+նա+հին վանքի մասին է։

Նույնիսկ հնում Հաղպատ-Սանահին զուգահեռները եղել են, այլապես ինչո՞ւ պետք է Սանահինի անվանումը նման ծագումնաբանություն ունենար։ Բայց իսկապես, երբ այցելում ես Սանահին վանք, ակամայից ցանկանում ես շեշտել, որ սա Հաղպատից հին է։ Ճիշտ է, Հաղպատն ավելի մեծ տարածք ունի, եկեղեցիների խումբն ավելի շատ է, բայց ախր սա նրանից հին է…

Լքված թագուհի… Գուգարաց լեռների գլխին բազմած գգվում ես այցելուների զգացմունքներին ու դեպի քեզ ձգում՝ պարգևելով հայոց լեռների բույրն ու խաղաղաշունչ հանգստությունը։ Քո լեռների հետ, հիրավի, քրիստոնեական առաքինությամբ սեր ես տածում մարդկանց հանդեպ. համբերող ես, խոնարհ, լուռ, շռայլ սիրո մեջ, գգվող, հոգսաշատ, հոգատար, խաղաղասեր, ներում ես քեզ վիրավորողներին, անարգողներին, վնասողներին… նրանց, ովքեր անմիջական պարտավորություններ ունեն քո հանդեպ, չես անհանգստացնում, չես դժգոհում, չես նեղանում նրանցից… եկեղեցու սրբերը չեն կարող այդպես համբերել, որովհետև այնքան անձայն աղաղակ ու զուսպ հառաչանք կա քո համբերությանդ մեջ, որ այցելուներիդ մոռացնել է տալիս իրենց պարտականությունը, ու մնում է միայն հիացմունքը… այդպես թաքցնում ես մարդկանցից քո ցավը… համբերությունդ քո ոսկեղենիկ լռությունը շռայլորեն ըմբոշխնում են այցելուներդ… ոչ մեկ քեզ համար օտար չէ, նույնիսկ հայոց աշխարհ այցելող օտարականը… թեև արև չես, բայց արևի նման բոլորին շռայլում ես քո սերը… թեև սառն ես ցրտաշունչ աշնան նման, բայց ջերմացնում ես մարդկանց սրտերը… դարերի վեհություն ունես, բայց հպարտ չես, թույլ ես տալիս, որ նույնիսկ ամենից փոքրիկ այցելուն թռչկոտի քո փեշերին՝ խախտելով քեզանում եղած կարգ ու կանոնը… բոլորին կարողանում ես ճիշտ պատասխան տալ, որովհետև բոլորն էլ քեզնով հիացած ու քո շրշյուններից լսածով բավարարված են հեռանում։

Լքված թագուհի… ես դեռ կայցելեմ քեզ, ու մենք ավելի շատ կզրուցենք։

Թողնել պատասխան