Տեր, մի թող, որ քահանայությամբ կեղծեմ ինձ

Քահանայական աստիճանի սրբության վրա չեմ կասկածում, վստահ եմ նաև, որ բոլորս էլ, բոլոր քահանաներս ձեռնադրությամբ փոխվում ենք, բայց կասկածում եմ այդ փոփոխության բուն էությանը:

Բոլորս միաբերան պնդում ենք, որ Սուրբ Հոգու շնորհներն են գործում, բայց երբեմն քահանայական աստիճանի վեհության վառ գիտակցության և սեփական անձի անարժան-արժանիության մեջ արժանի կամ ընտրված լինելու խաբուսիկ ու կեղծ, նաև փաղաքշիչ շինծու հերոսն է գործում, որը մեզ կտրում է մեր պարզ իրականությունից՝ սքողելով ու դարձնելով չունեցած առաքինության կեղծ կրողները:

Հանկարծ մի օր … կեղծիքի վարագույրը պատռվում է…

Եվ եթե վերագտնում ենք մեր պարզ աղոթական կյանքը, վերադառնում ենք մեր պարզ իրականությանը՝ գիտակցելով և զգալով Սուրբ Հոգու մանկական պոռթկուն ջերմությունը, որ սկսում է իրապես վերափոխել և ապրել մեր մեջ, ապրեցնել մեզ:

Այս գեղեցիկ ապրումից մի ամբողջ կյանք հեռու լինելը և սրտի ամեն մի բաբախյունի հետ ամենաջերմ ու սրբազնասուրբ ներկայությունը ցանկանում եմ անթեղել իմ մեջ՝ աղոթելով՝ Տե՛ր, մի թող, որ քահանայությամբ կեղծեմ ինձ՝ արատավորելով քահանայությունը, այլ օգնի՛ր ինձ՝ Քո ծառային, գտնելու իմ ջինջ ու հարատև աղոթքը, որովհետև աղոթքն է ճշմարիտ քահանայությունը:

Գրել եմ 16.03.2004–ին։

Թողնել պատասխան