Կան մարդիկ, ովքեր համառորեն պնդում են, որ իրենք քաղաքականությունը չեն սիրում և դրանով չեն զբաղվում։ Հարց է ծագում. ի՞նչ է քաղաքականությունը, որով նրանք չեն զբաղվում և որը չեն սիրում։
Գիտենք, որ քաղաքականությունը զբաղվում է այն ամենով, ինչը իրենից արժեք է ներկայացնում։ Օրինակ՝ նույնիսկ բնությունը, ծառը կարող է դառնալ քաղաքական շահարկման նյութ։ Այո՛, երբ ծառը վերաճում է էկոլոգիայի, բնապահպանության, խնդիրը սկսում է արժևորվել ու դառնալ քաղաքականություն։ Ամեն հարց, որը արժեք է ներկայացնում ու դառնում է հասարակական խնդիր, քաղաքական է։ Նույնիսկ կրոնը, երբ այն պետությունից անջատ է հայտարարվում, սակայն լինում են եկեղեցաշինական (ասենք՝ Բաց դահլիճի տեղում եկեղեցու կառուցումը) և այլ կրոնական հարցեր (ասենք՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Պատարագ մատուցելը), որոնք դառնում են քաղաքական։ Արդ, իսկ ի՞նչը արժեք չունի, որ քաղաքական չդառնա։ Պատասխան՝ աղբը։ Սակայն երբեմն աղբի խնդիրն էլ կարող է քաղաքական խնդրի վերածվել։
Այսու, բոլոր նրանք, ովքեր իրենց ոչ քաղաքական տարր են համարում, մեղմ ասած՝ ինքնախաբեության մեջ են։