Պարզություն

Ճամփորդելը և ուսումս Եվրոպայում մեկ բան ինձ սովորեցրեցին. նմանվել այն փոքրիկ տղային, որ փողոցում, իր ընկերների հետ մանկական խաղեր է խաղում:

Պարզության մեջ է թաքնված կյանքի հարստությունը …

Ծորակից հոսող պարզ ջրի կաթիլի մէջ է Աստված թաքցրել կյանքի իմաստը:

Եվ ի վերջո, պարզությունը՝ պարզ և հասարակ լինելը, ամենից մեծ գանձն է, որ ունենք: Այստեղից ենք սկսում ճանաչել Աստծուն …


Գրել եմ 28.10.2004–ին։

Կատարյալ սեր և հավիտենական կյանք

Ի՞նչ է փնտրում մարդը. կատարյալ սեր և հավիտենական կյանք, այսինքն՝ մարդը փնտրում է Աստծուն:

Գրել եմ 09.01.2004–ին։

Մենակություն

Մենակությունը դատապարտություն է:

Աստված երբեք մենակ չէ, և Աստված երբեք բացակա չէ: Աստուծո ներկայության բացահայտումը մեր կյանքում դատապարտում է մենակությանը:

Գրել եմ 24.09.2003–ին։

Իմ անունը Աղոթք է

Աղոթքը երբեք չի ծիծաղում, չի կատակում, զվարճալի պատմություններ չի պատմում: Նա միշտ լուռ է կամ աշխատում է լուռ մնալ, անձայն, համբերող, ներող, չվիրավորող, չվնասող, չնեղող, խոնարհ, զեփյուռի նման նուրբ, հուզվող, անկեղծ, մաքուր: Նա չի կարողանում քմծիծաղել, քծնել, բամբասել, փսփսալ, հռհռալ, մտածել կենցաղի մանր խնդիրների մասին: Փողոցում իր աչքերը փակ են, եկեղեցում՝ հառած խորանին, նա սիրում է նայել երկնքին, նույնիսկ երբ տեսանելիորեն նայում է գետնին:
Բոլորս ուզում ենք տեսնել Աստծուն …
Ես ճանաչում եմ մեկին, որ կարող է ձեզ ցույց տալ Նրան:
Նրա անունը Աղոթք է:

Գրել եմ 23.08.2003–ին