Կոմպրոմատ

Կոմպրոմատի կիրառությունը հատուկ է քաղաքական իշխանություններին, և այն բանեցնող/օգտագործող մարդիկ «հանուն նպատակի» ունեցած միջոցների մեջ խտրականություն չդնելով կիրառում են այն։

Կոմպրոմատը զենք է. կատարելագործված փամփուշտ, սանձ, որով կարելի է նաև մարդ սպանել։ Մարդկությունը զարգացում է ապրել, ակնհայտ է, այո, սառը զենքից անցել ենք հրազենին, հիմա էլ սանձել չկարողանալու դեպքում կիրառում են այդ անձայն ու ֆիզիկապես արտաքինից չվնասող միջոցները։

Այն հարուստների ու քաղաքական գործիչների զենքն է, իսկ հասարակ մարդիկ, քանի որ կոմպրոմատների չեն տիրապետում, կիրառում են սպասեցնելու, ձգձգելու և այլ ճղճիմ մեթոդներ։

Կոմպրոմատներով առաջնորդվող կամ կոմպրոմատներով հարցեր լուծող մարդիկ վտանգավոր են, նենգ, դարանակալ գիշատիչ, թիկունքից հարվածող, շահասեր ու եսակենտրոն։

Այդպիսիներին հիշաչար կամ լավ հիշողություն ունեցող կոչելը կարող է հաճոյախոսություն համարվել։

Այո, երբեմն վատ հիշողություն ունենալը կարող է դրական համարվել։

«Դուք»–ո՞վ, թե՝ դու

Եթե մարդը «դու»–ով է խոսում Աստուծո հետ, ես իրավունք ունե՞մ իրեն պարտադրելու, որ ինձ հետ «Դուք»–ով խոսի։


Հ.գ.
Բնականաբար խոսքը լկտի միջադեպերի մասին չէ, այլ նորմալ մարդկային փոխհարաբերությունների։

Անհատը և հասարակությունը

Այն միջավայրը կամ հասարակությունը, որտեղ անհատը երկրորդ պլան է մղված, ենթակա է ճահճացման և հաճախ մարդկային կյանքերի կործանման առիթ է։

Մարդը և իր աթոռը

Զարմանալի մարդիկ կան այս աշխարհում։ Իշխանությունը սիրելուց, ունենալուց զատ ցանկանում են նաև լավ, մեծ աթոռ ունենալ, որ բոլորն իրենց աթոռը տեսնեն։

Կարևոր չէ, որ իրենք կարող է չերևան այդ աթոռի մեջ։ Կարևորը աթոռն է, որ մարդիկ տեսնեն, թե ինչքան մեծ, հզոր և ուժեղ է իրենց աթոռը։

Մի՞թե կարելի է իշխանությունը այդ աստիճան շոշափելիորեն սիրել։

Մարդու օրը

Վստահ եմ յուրաքանչյուր մարդ իր վերլուծությունն է կատարում իր ապրած օրվա առնչությամբ:
Ապրված ժամերն անհրաժեշտ է և պարտավոր են բառեր ու նախադասություններ դառնան:


Գրել եմ 23.08.2003–ին

Բարև՛

Մարդիկ կան, որ նայում են դեմքիդ ու չեն բարևում՝ այդպես առաջին իսկ պահից արտահայտելով իրենց վերաբերմունքը քո հանդեպ։ Դու իրեն կարող է շատ հազվադեպ հանդիպես, բայց ինքն այդ մի պահը կօգտագործի, որ արտահայտի իր դիրքորոշումը քո հանդեպ՝ «դու ո՞վ ես, որ մի հատ էլ քեզ բարևեմ, դու արժանի չես դրան»։

Ո՜վ մարդ, ախր դու չգիտե՞ս, որ դու չես քո բարևի տերը, ո՞ր իրավունքով այն չես տալիս անցորդին։

Հիսուս Մատթեոս Առաքյալի միջոցով ասում է.

Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում (Ավ. ըստ Մատթեոսի, 5. 47)։

Արդյո՞ք «բարև»–ն արժեք ունի։ Հիսուս ասում է.

Եթէ տունն արժանի է, ձեր ողջոյնը նրա վրայ թող իջնի. իսկ եթէ արժանի չէ, ձեր ողջոյնը ձեզ թող վերադառնայ (Ավ. ըստ Մատթեոսի, 10. 13)։

Ո՜վ մարդ, լսե՞լ ես, որ ասում են՝ բարևն Աստծունն է։ Խնդրում եմ, բարևին տրամադրություններ մի՛ խառնեք, որովհետև այն բարի է ու արևով լի։