Կարեն Կարապետյան

Այո, մեր Երևանի քաղաքապետի մասին է խոսքը։

Այսօր իր էջը տեսա Ֆեյսբուքում։ Ինչպե՞ս հասա այդ էջ։ Շատ պարզ. այն գովազդվում է Ֆեյսբուքում, այսինքն՝ քաղաքապետի անձնական էջի համար գումար է ծախսվում։ Նայում եմ էջը. 6.703 հոգի հավանում են Կարեն Կարապետյանի էջը։ Ընդ որում հավանողները րոպե առ րոպե ավելանում են։ Մեկ էջից մյուսը թերթելուց դա նկատեցի։ Լավ, տեսնենք թե ինչ է գրվում այնտեղ, քանի որ շատ գրառումներ կան։ Ահա՝ բողոքներ, խնդիրներ–պրոբլեմներ, դժգոհություններ, հույսեր–հուսախաբություններ… բայց Կարեն Կարապետյանի կողմից ոչ մի պատասխան կամ անդրադարձ։

Բողոքի գի՞րք է սա, այսինքն՝ 6.703 հոգի գրանցվել են այստեղ, որ բողոքե՞ն։ Ընդ որում բողոքողները րոպե առ րոպե ավելանում են։

Հմմ, ավելի լավ կլիներ այդ էջը չլիներ, քան թե սեփական միջոցներով սև PR իրականացվեր։

Կոմպրոմատ

Կոմպրոմատի կիրառությունը հատուկ է քաղաքական իշխանություններին, և այն բանեցնող/օգտագործող մարդիկ «հանուն նպատակի» ունեցած միջոցների մեջ խտրականություն չդնելով կիրառում են այն։

Կոմպրոմատը զենք է. կատարելագործված փամփուշտ, սանձ, որով կարելի է նաև մարդ սպանել։ Մարդկությունը զարգացում է ապրել, ակնհայտ է, այո, սառը զենքից անցել ենք հրազենին, հիմա էլ սանձել չկարողանալու դեպքում կիրառում են այդ անձայն ու ֆիզիկապես արտաքինից չվնասող միջոցները։

Այն հարուստների ու քաղաքական գործիչների զենքն է, իսկ հասարակ մարդիկ, քանի որ կոմպրոմատների չեն տիրապետում, կիրառում են սպասեցնելու, ձգձգելու և այլ ճղճիմ մեթոդներ։

Կոմպրոմատներով առաջնորդվող կամ կոմպրոմատներով հարցեր լուծող մարդիկ վտանգավոր են, նենգ, դարանակալ գիշատիչ, թիկունքից հարվածող, շահասեր ու եսակենտրոն։

Այդպիսիներին հիշաչար կամ լավ հիշողություն ունեցող կոչելը կարող է հաճոյախոսություն համարվել։

Այո, երբեմն վատ հիշողություն ունենալը կարող է դրական համարվել։

Մահվան մասին

Մահվան մասին հարազատների անմիջական մտքերի փոխանակումը ջերմացնում է զրուցակիցների սրտերն ու փոխադարձ վերաբերմունքը։

Երբեմն անհրաժեշտություն է այդ թեմային անդրադառնալը, երբեմն էլ՝ անհնար… չանդրադառնալը։

Անկանխատեսելին

Մարդը կարող է հաճույք զգալ, որ ինքը անկանխատեսելի է, բայց դա նշանակում է նաև անվստահելի ու փոփոխական լինել, որը անկայունություն է։ Այդպիսի մարդիկ, եթե նրանք հարուստ են կամ իշխանություն ունեն, սովորաբար շրջապատված են լինում մեծամիտ ու շողոքորթ մարդկանցով։ Այդպիսի մարդիկ բավարարվում են առաջին տեսակետով ու հարցը համակողմանիորեն չեն քննում՝ մինչև վերջ չլսելով հակառակ կողմի տեսակետը։ Այդպիսի մարդիկ ցուցադրաբար արտահայտում են իրենց թյուր ու կանխակալ վերաբերմունքը։

Անկանխատեսելի մարդուց միշտ զգուշանում են… ու պետք չէ դրանից հաճույք ստանալ։

Մարդն առանց դավանանքի

Դավանանքը բնավորություն է կերտում, ցանկություններն ուղղորդում, իսկ մարդն առանց դավանանքի, անսկզբունք մարդը, ով ապրում է միայն կենցաղի մանր հարցերով, նման է անգլուխ ձիավորի

Այս աշխարհը շատ հարուստ է և յուրաքանչյուրը գտնում է այն, ինչ ցանկանում է. մեկը հավատ է փնտրում ու գտնում, մյուսն՝ անհավատություն, իսկ նա, ով չի փնտրում ու բավարարվում է եղածով, դառնում է կենցաղի մանր խնդիրների գերին։

Նա, ով անհավատություն է գտել, ուրեմն դեռ փնտրում է։

Լևոն Արոնյան

Անձնապես չեմ ճանաչում։ Մեծ շախմատիստ է։

Այսօր մտա իր էջը Ֆեյսբուքում… հայերենի ոչ մի հետք։

Եթե մի բան այնտեղ հիշեցնում է, որ նա հայ է, դա իր անուն-ազգանունն է։

Ադամ քահանա Մակարյան

Հրաշալի անձ, համեստ ու առաքինի։ Լուռ, սակավախոս։ Իր համար լռությունը միշտ ոսկի է։ Աննկատ, բայց ժիր–աշխատասեր։ Մարդ՝ ըստ էության։

Անհատը և հասարակությունը

Այն միջավայրը կամ հասարակությունը, որտեղ անհատը երկրորդ պլան է մղված, ենթակա է ճահճացման և հաճախ մարդկային կյանքերի կործանման առիթ է։

Մարդը և իր աթոռը

Զարմանալի մարդիկ կան այս աշխարհում։ Իշխանությունը սիրելուց, ունենալուց զատ ցանկանում են նաև լավ, մեծ աթոռ ունենալ, որ բոլորն իրենց աթոռը տեսնեն։

Կարևոր չէ, որ իրենք կարող է չերևան այդ աթոռի մեջ։ Կարևորը աթոռն է, որ մարդիկ տեսնեն, թե ինչքան մեծ, հզոր և ուժեղ է իրենց աթոռը։

Մի՞թե կարելի է իշխանությունը այդ աստիճան շոշափելիորեն սիրել։