Աստուծո անձայն այս խնամքը…

Ամեն երեկո, երբ օրը սկսում է մթնել, տնից հեռու իմ նման թափառականի համար երկինքը մորս պես ինձ իր գիրկն է առնում ու սկսում օրորել, և ես սկսում եմ մոռանալ օրվա քաշքշուքը: Զգում եմ միայն, որ երկնքում ծագող աստղերը մորս կրծքի նման սկսում են տաքացնել շուրթերս: Այդ ջերմ թմրության մեջ հալվում են բոլոր հոգսերս, և ես գոհ Երկնքի անձայն, նաև անշահ խնամքից ծանրությամբ թարթում եմ կոպերս …

Վերջին գոհության աղոթքս կարծես աստղերից եկող զով օդի արտաշնչումն է դառնում:

Աչքերս փակվում են …

Շնորհակալ եմ, Երկի՛նք:


Գրել եմ 28.08.2003–ին

«Դուք»–ո՞վ, թե՝ դու

Եթե մարդը «դու»–ով է խոսում Աստուծո հետ, ես իրավունք ունե՞մ իրեն պարտադրելու, որ ինձ հետ «Դուք»–ով խոսի։


Հ.գ.
Բնականաբար խոսքը լկտի միջադեպերի մասին չէ, այլ նորմալ մարդկային փոխհարաբերությունների։

Իմ անունը Աղոթք է

Աղոթքը երբեք չի ծիծաղում, չի կատակում, զվարճալի պատմություններ չի պատմում: Նա միշտ լուռ է կամ աշխատում է լուռ մնալ, անձայն, համբերող, ներող, չվիրավորող, չվնասող, չնեղող, խոնարհ, զեփյուռի նման նուրբ, հուզվող, անկեղծ, մաքուր: Նա չի կարողանում քմծիծաղել, քծնել, բամբասել, փսփսալ, հռհռալ, մտածել կենցաղի մանր խնդիրների մասին: Փողոցում իր աչքերը փակ են, եկեղեցում՝ հառած խորանին, նա սիրում է նայել երկնքին, նույնիսկ երբ տեսանելիորեն նայում է գետնին:
Բոլորս ուզում ենք տեսնել Աստծուն …
Ես ճանաչում եմ մեկին, որ կարող է ձեզ ցույց տալ Նրան:
Նրա անունը Աղոթք է:

Գրել եմ 23.08.2003–ին

Մարդու օրը

Վստահ եմ յուրաքանչյուր մարդ իր վերլուծությունն է կատարում իր ապրած օրվա առնչությամբ:
Ապրված ժամերն անհրաժեշտ է և պարտավոր են բառեր ու նախադասություններ դառնան:


Գրել եմ 23.08.2003–ին