Բիրտ բարքեր

Այսօր ՀՀ նախագահը խոսում էր արտագաղթի վիճակագրության մասին:

Արտագաղթի ստատիստիկակռիվ, մինչդեռ…

Մարդ պարզապես զարմանում է, երբ երկրի նախագահը փորձում է իր չինովնիկների առջև տեքստ կարդալով` ժողովրդին համոզել, որ մյուսները վիճակագրական տվյալները սխալ են հաշվում:

Բայց չէ՞ որ հարցը զուտ վիճակագրությունը չէ: Եթե նույնիսկ մեկ մարդ է թողնում-հեռանում իր հայրենիքից, ուրեմն չարժե՞ մտածել, թե` ինչո՞ւ: Բայց մեկը չի, որ թողնում-գնում է:

Ըստ իս արտագաղթի մեկ հիմնական պատճառ կա`

Բիրտ բարքեր:

 Եթե մեկը կասի, որ գնում են նաև ֆինանսական պատճառով, ապա պետք է նշել, որ դրանք սեզոնային են, իսկ աղքատներն էլ երկիրը լքելու այդ հնարավորությունը չունեն: Մի զգալի մասն էլ պարզապես ֆինանսների պատճառով չի լքի իր երկիրը:

Վիճակագրությամբ տարվելու փոխարեն ճիշտ կլինի պատճառների մասին մտածել: Մարդիկ, հասարակ քաղաքացին հաճախ պետական դռներին առնչվելիս պարզապես բախվում է այդ բիրտ բարքերին, ու հիասթափվողների մեծ ալիքն էլ այդ դռներն են ստեղծում:

Այն, որ պետական սպասարկման ոլորտը, մեղմ ասած, անմխիթար վիճակում է, երևի թե շատ-շատերը կհամաձայնվեն, թեև շատ-շատերն էլ պետական համակարգի հետ կապված լինելու պատճառով թերևս չհամաձայնվեն:

Այնուամենայնիվ, բերեմ պարզ օրինակ. արդեն մի քանի ամիս է, սակայն ինչո՞ւ մի քանի ամիս, եթե ոչ արդեն կես տարի` 6 ամսից ավել, որ անչափահասների գրանցումը քաղաքացիներին պարտադրելուց հետո փորձում եմ տղաներիս գրանցել, սակայն չեմ կարողանում: Ինչո՞ւ: Որովհետև ամեն անգամ անձնագրային բաժանմունք այցելելուց հանդիպում եմ փողոցային հերթին, և քանի որ չեմ կարող իմ օրը զոհել այդ հերթին, ստիպված եմ լինում հեռանալ: Թեև մի օր փորձեցի մեկ ժամ կանգնել, ու հասկացա, որ անիմաստ է:

Մի օր էլ նկարեցի այդ զավեշտը: Ահա նայեք`

Երեխայի ծնվելուց հետո պետությունը 50.000 դրամ է տալիս ընտանիքին, բայց երեխայի գրանցման և այլ թղթեր են պահանջում այդ գումարը ստանալու համար: Գրանցումն արդեն 6 ամիս է չեմ հաջողացնում կատարել: Մի օր, հերթական անգամ, երբ գնացել էի անձնագրային բաժանմունք, ականատես եղա, որ մարդիկ նախորդ օրվանից հերթ էին կանգնել: Ընդ որում հետաքրքիրն այն է, որ ոստիկանության այդ բաժանմունքում չեն թողնում, որ մարդիկ իրենց միջանցքում կանգնեն, չէ, դուրս չեն հրավիրում, դուրս են հանում մարդկանց, որ միջանցքը չզբաղեցնեն: Թող ձմռան ցրտին կամ ամռան տապին` արևի տակ կանգնեն: Չէ, մի վախեցեք, աֆրիկյան որևէ երկրի մասին չէ խոսքը, այլ Երևան քաղաքի Շիրակի փողոցում տեղակայված ոստիկանության բաժանմունքի:

Վիճակագրություն: Զավեշտ:

50.000-ը մեկ-երկու տարում հարկ ու տուրքի տեսքով վերադարձնելու եմ պետությանը: Ու պետության շնորհիվ չի, որ կարոտ չեմ մնացել էդ փողին, որի համար էդքան քաշքշում են:

Ցավոք, այս ամենը բիրտ բարքերի ընդամենը մի տեսակն է:

Նույն այսօրը լրատվությամբ ասացին, որ 10 միլիոն են տալու կառավարության շենքի վերակառուցման, վաղեմի պետական երազանքները իրականացնելու համար: Իսկ ժողովրդի երազանքները ե՞րբ են վիճակագրորեն իրականացնելու, որ մարդկանց բարեհամբույր ձևով պետական դռների առջև դիմավորեն ու ճանապարհեն, փողոցում հերթ կանգնելու տեղը էդ 10 միլիոնից մի երկու լումա առանձնացնեն ու մարդավայել սպասասրահներ կառուցեն, պետական սպասարկման ոլորտը զարգացնեն: Մի երկու լումա տան էդ 10 միլիոնից մի քանի մասնագետների/ծրագրավորողների, մի ցանցային ծրագիր մշակեն, որ երբ մարդը իր զավակին մի տեղ գրանցում է ու վկայական է ստանում, այդ տվյալները տեսանելի լինեն մյուսների մոտ, դրանով մարդկանց ազատելով այստեղ-այնտեղ պատճենելու/քսերոքսելու դարդից:

Զարգացրեք պետական սպասարկման ոլորտը, մարդկանց հետ բարեհամբույր եղեք, որ նրանք չդատապարտեն ձեզ ձեր սխալների համար:

Վիճակագրական վերլուծություններով մարդկանց բեռը չի թեթևանա և դրանով ամեն օր հնարավոր չի լինի համոզել:

 

Հ. գ.

Երկար ժամանակ ցանկանում էի գրել այս մասին, բայց աշխատանքներս ու ժամանակիս սղությունը ինձ թույլ չեն տվել ինքնարտահայտվելու, սակայն այսօրվա լրատվությունը պարզապես զարմացրեց ու խթանեց գրելու ցանկությունս: