Ամենօրյա ինքնասպանություն

Պոռթկուն վերերկրային զգացումները կենսական են, սակայն ժամանակի և տարածության մեջ շարժվող էությունը միայն այդ զգացումների հետ չէ, որ բախվում է: Բացահայտումի սարսափազդու քաոսային անսկիզբ ու անսահման մեր աշխարհը անփորձ աղջնակի նման սրտատրոփ ու վախազդու բախումներին չի կարողանում ճիշտ որակում տալ: Խառնիճաղանջ երևույթները գույների ենք վերածում, հետո դառնում են պատկերներ ու բառեր՝ շարունակելով ավելի ընկղմվել մեր իսկ քաոսի մեջ: Բառերը սկսում են մտքերի վերածվել, մտքերը սկսում են որակում ստանալ՝ դրական կամ բացասական, լավ կամ վատ, տաք կամ սառը: Հետո սկսում ենք մեր իսկ զգացումների ու ցանկությունների համաձայն ինքներս բնորոշել ու սահմանել այդ սահմանները: Կյանքը սկսում է երկու երես ունենալ մեզ համար, որը մեր ենթագիտակցության մեջ որակվում է որպես լավ կամ վատ, բարի կամ չար, մեղք կամ անմեղություն: Երբեմն մեղքի դիմակն ենք հագնում, երբեմն անմեղության, երբեմն մեկի մեջ ենք, երբեմն մյուսի՝ այսպես շարունակելով ապրել մեր անոմալիայի մեջ, գոհ կամ դժգոհ, ուրախ կամ տխուր, լացով կամ ժպիտով: Այս քաոսից դուրս գալու ճանապարհը … ինքնասպանությունն է … բայց՝ ո՛չ ֆիզիկական … : Իսկ եթե չենք կարողացել դեռևս բացահայտել մեզ համար մեր լաբիրինթոսի էությունը, եթե դեռևս չենք հասել մահվան և ինքնասպանության՝ խաչվելու գիտակցությանը … : Այո՛, ո՞վ կարող է իմ մեջ սպանել իմ քաոսը: Եթե՝ ես, ապա պետք է համոզում, վստահություն ունենամ իմ որոշման վրա, որպեսզի կարողանամ ուժ գտնել իմ մեջ՝ սպանելու իմ միջի քաոսը՝ ինքնասպան լինելու՝ աղքատանալու, աղքատանալու սեփական քաոսից կամ անոմալիայից:
Կա մեկը, որ միշտ պատրաստ է մեզ խաչելու, բայց մենք դեռևս պատրաստ չենք խաչվելու, պատրաստ չենք մեռնելու կամ ինքնասպան լինելու, պատրաստ չենք … աղքատանալու:
Հոգևոր կյանքում աղքատության ուխտի մասին մտածելուց հաճախ մտածում ենք նյութականի մասին: Իրականում աղքատության ուխտը նախ և առաջ վերաբերվում է հոգևոր աղքատությանը. «երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»: Հոգով աղքատանալ մարդկային այս քաոսից՝ երկվությունից, միաժամանակ խավար և լույս լինելուց, միաժամանակ մեղք գործելուց և մեղքից հրաժարվելու որոշում կայացնելուց:
Դժվար է …, բայց պարտավորված ենք մարդկային մեր այս արհեստական և էլեկտրոնային լույսերով ու լուսաթարթումներով շղարշված քաոսից քայլելու դեպի ճշմարիտ և հոգնություն չպարգևող Լույսը, դեպի մեր բոլոր հարցերի Պատասխանը:
Ահավասիկ կյանքի լաբիրինթոսի միջնահատվածում ամենօրյա ինքնասպանության նորացվող փորձառություններով տառապող մեր հոգու և էության խաչելության ելքուղին:

Թողնել պատասխան