Երեկ երեկոյան հոգնած նստել էի հեռուստացույցի առջև։ Ժամը 24.00։ Ֆիլմ էի դիտում, հանակարծ հնչեց Հանրապետության հիմնը։
Գիտենք, որ օրենքով բոլոր հեռուստաալիքները այդ ժամին պետք է Հայաստանի Հանրապետության հիմնը հնչեցնեն։ Երևի օրենքը նախաձեռնողների նպատակն է եղել այնպես անել, որ հայերը օրը սկսեն հիմնով։
Տեսեք, այդ ժամին Հայաստանի հայը ոչ թե օրը սկսում է, այլ՝ ավարտում, ընդ որում երկրի 70 %-ն արդեն ավարտած են լինում, այսինքն՝ քնած։ Այդ ժամին հոգնած և հեռուստացույցի առջև բառիս բուն իմաստով «վեր ընկած» մարդու դիտած ֆիլմը կամ հաղորդումը, որն արդեն անընդմեջ գովազդով ընդհատվում է, հիմնով ընդհատելը նման է սառը ցնցուղի։ Այսինքն. այդ ժամին Հանրապետության հիմնը հնչեցնելով ակամայից բացասական զգացողություններ են առաջանում մարդու մոտ, որի հետևանքով արժեզրկվում է երկրի խորհրդանիշի հանդեպ սրբազան զգացումը։ Մի պահ նույնիսկ թվում է, թե մարդիկ ամեն ինչ արել են, որ մեր հիմնը վարկաբեկվի ու արհամարհվի։ Բացառված չէ, որ այս երևույթից դրդված են ոմանք ցանկանում փոփոխել հիմնի բառերն ու երաժշտությունը, որովհետև հոգնել են այդ երաժշտությունից, որը ցնցուղի նման ամեն երեկո թափվում է մարդկանց գլխին։
— Ի վերջո, ինչո՞ւ է հնչում երկրի հիմնը։
— Որպեսզի մարդկանց մեջ արթնացնի հայրենասիրական զգացումները։
Հիմա այս օրենքը գրողներին հարց.
— Արդյո՞ք այդ օրենքը ծառայում է իր նպատակին։ Ավելի լավ չէ՞ր լինի, որ Հանրապետության հիմնը հնչեր կեսօրին, նաև՝ ռադիոալիքներով։