Իմ կորցրած օրեր, որ ձեր մասին երբեք չեմ մտածել, որ ամեն լուսաբացով նվեր եմ ստացել ձեզ Աստծուց, որ ոչինչ չեմ հիշում ձեզանից՝ իմ կորցրած ապրումներից, և որ դուք ձեր կորուստով հասունացրել եք ինձ։
Թող օրհնյալ լինի Նա, Ով ինձ պարգևել է այդ կորուստները, իմ օրհնյալ կորուստները, որ հասցրել են ինձ այսօրվա մայրամուտին։
Իմ կորցրած օրեր, որ ինձ գրկած, օր առ օր մեկդ փոխանցել է մյուսին։ Մոռացել եմ ձեզ, և հիշում եմ միայն, որ Երեկն իր գրկից ինձ փոխանցեց Այսօրվան, և Այսօրն արդեն ցանկանում է ինձ հանձնել Վաղվա գիրկը։
Թող օրհնյալ լինի Նա, Ով պարգևել է ինձ ձեր կորուստը և թող իմ Այսօրը պատմի ձեզ իմ ցավը, որ կորցրել եմ ձեզ։