Մարդիկ կան, որ նայում են դեմքիդ ու չեն բարևում՝ այդպես առաջին իսկ պահից արտահայտելով իրենց վերաբերմունքը քո հանդեպ։ Դու իրեն կարող է շատ հազվադեպ հանդիպես, բայց ինքն այդ մի պահը կօգտագործի, որ արտահայտի իր դիրքորոշումը քո հանդեպ՝ «դու ո՞վ ես, որ մի հատ էլ քեզ բարևեմ, դու արժանի չես դրան»։
Ո՜վ մարդ, ախր դու չգիտե՞ս, որ դու չես քո բարևի տերը, ո՞ր իրավունքով այն չես տալիս անցորդին։
Հիսուս Մատթեոս Առաքյալի միջոցով ասում է.
Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում (Ավ. ըստ Մատթեոսի, 5. 47)։
Արդյո՞ք «բարև»–ն արժեք ունի։ Հիսուս ասում է.
Եթէ տունն արժանի է, ձեր ողջոյնը նրա վրայ թող իջնի. իսկ եթէ արժանի չէ, ձեր ողջոյնը ձեզ թող վերադառնայ (Ավ. ըստ Մատթեոսի, 10. 13)։
Ո՜վ մարդ, լսե՞լ ես, որ ասում են՝ բարևն Աստծունն է։ Խնդրում եմ, բարևին տրամադրություններ մի՛ խառնեք, որովհետև այն բարի է ու արևով լի։