Օտարալեզու դպրոցները Հայաստանում

Նույնիսկ Հայոց լեզվի ուսուցիչներ կան, ովքեր կողմ են օտարալեզու դպրոցներին։ Ո՛չ միայն կողմ են, այլև պատրաստ են իրենց զավակներին օտարալեզու դպրոց ուղարկել՝ գիտակցելով մեր լեզվի արժեքը, ավելին, մյուսների զավակներին ուսուցանելով հայերենի արժեքը։

Երևի թե այդ ուսուցիչներն են մեր զավակներին ներկայացնում մեծերի խոսքերը.

Մեր հազարամյա անցյալի այն երկար ճանապարհին, որի վրա փռված են մեր անհուն տառապանքները, ո՛չ բանակներ ունեինք մեր պաշտպանության համար, ո՛չ ուժ, ո՛չ հնրավորություն, ո՛չ էլ դրսի օգնություն, այլ մի հատիկ բան միայն` մեսրոպատառ գիրը:

Լեո

Ա՜խ, լեզուն, լեզուն. լեզուն որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի… Ձե՜զ եմ ասում, ձե՜զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնի՜մ, ձեր արևին ղուրբա՜ն. տասը լեզու սովորեցե՜ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՜ք:
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ
Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

Հովհաննես Թումանյան
Դպրոցի ազգությունը կախված չէ աշակերտների ու վարժապետների լոկ հայութենից. լեզուն է, որ միմյանց կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին… Թող ուրեմն հայ մանուկը նախ և հառաջ որպես հայի զավակ ուսանի յուր սեփական լեզուն և ապա օտարինը: Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են յուրյանց հատկությունը և որակությունը մաքուր պահել միայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունը ուրացողը ուրացող է հայ ազգության:
ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել: Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք, որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է: Գալով անհիշելի ժամանակներից, անցնելով բազում դարերի միջով, շփվելով բազում ազգերի լեզուներին` հայոց լեզուն մի յուրատեսակ հանրագիտարան է անհիշելի ժամանակների, բազում դարերի և բազմաթիվ այլ ազգերի: Այսպես դատելով` մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին. նա միայն մեր սրբությունը չէ, այլև մասունքը հանուր մարդկության…Այդ լեզվի խնամքը, նրա անաղարտությունն ու պաշտպանությունը դրված է մեզ վրա:

Պարույր Սևակ
Մեր հայրերեն մեզ ավանդված ժառանգությունները, որոնցմե ամենեն շքեղը, ամենեն իրականը ու ամենեն ճշմարիտը մեր գեղեցիկ, հարուստ և մեծավայելուչ լեզուն է, պետք է պահպանենք հուզումով, հրայրքով և խանդավառությամբ, և վստահ եմ, որ կպահպանենք:

ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ

Իրենց զաակներին օտարալեզու դպրոցներ ուղարկել ցանկացող հայ ուսուցիչներն օտարալեզու դպրոցներին առնչվող օրենքի նախագծի առնչյալ երբեմն ասում են.

– Թող փորձեն, եթե հաջողվի, ինչո՞ւ՝ ոչ։

Մի՞թե մեր զավակները փորձադաշտ են։ Ո՞վ թույլ կտա, որ փորձ կատարող բժշկականի ուսանողը վիրահատի իր զավակին։ Մի՞թե մեր երեխաները փորձադաշտ են։

Թողնել պատասխան